Եթե Երևանում 9 բալանոց երկրաշարժ լինի, քանի շենք կանգուն կմնա

Սեյսմամեկուսացված շենքերի շինարարությամբ զբաղվող, տեխնիկական գիտությունների դոկտորը վստահ է` ինը բալանոց երկրաշարժի դեպքում Երևանի զգալի մասը կփլվի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – Sputnik. Ինը բալանոց երկրաշարժի դեպքում Երևանի շենքերի 80%-ը կփլվի, զոհերը կհատեն մի քանի տասը հազարի սահմանը։ Այս կարծիքն ունի տեխնիկական գիտությունների դոկտոր Միքայել Մելքումյանը։

Շիրակում երկրաշարժի ահը սրտում 114 վթարային շենք կա. դասեր չե՞նք քաղում անցյալից

«Պետության գործողությունները ոչ թե պետք է ուղղված լինեն աղետի հետևանքներն ուղղելուն, ինչպես հիմա է, այլ հենց աղետը հնարավորինս կանխելուն», – ասաց Մելքումյանը։

Նա դեռ 90-ականներին մշակել է շենքերի կառուցման տեխնոլոգիա, որն առավելագույնս ապահովում է երկրաշարժից։ Տեխնոլոգիան ռետինի և մետաղի համադրմամբ կառուցված խողովակներն են, որոնց վրա հավաքվում է շենքը։ Նման տեխնոլոգիայով կառուցված շենքերը Երևանում 55-ն են։ Դրանցից են, օրինակ, Թուֆենկյան հյուրանոցի, «Էլիտ պլազայի», Զարյան փողոցի «Հյուսիսային ճառագայթ» կոչվող երկվորյակ շենքերը և այլն։ Բոլոր այդ շենքերը մասնավոր նախագծեր են եղել, պետական հիմնարկները երբևէ Մելքումյանից տեխնոլոգիա չեն պատվիրել։

«Մեկ անգամ «Հայաստան» համահայկական հիմնադրամն է ինձ դիմել` կառուցելու Ստեփանակերտի պոլիկլինիկան։ Մնացած նախագծերն անհատների պատվերներ են եղել», – նշեց Մելքումյանը։

Թեղուտի հանքի պոչամբարի պատվարը չփլուզվեց անգամ երկրաշարժից. Փաշինյանի հակափաստարկները

Նրա խոսքով` երկրաշարժը չի սպառնում միայն բարձրահարկ շենքերին, դրանից կարող են տուժել նույնիսկ մեկհարկանի սեփական տներն ու այնտեղ գտնվողները։

Հիշեցնենք, որ հունիսի 10-ն, 20:22-ին երկրաշարժ էր գրանցվել Հայաստան-Վրաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արևելք։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել էր 6-7 բալ:

Երկրաշարժը զգացվել է ՀՀ Շիրակի, Լոռու, Տավուշի, Արագածոտնի, Արմավիրի մարզերում և Երևան քաղաքում:

Երկրաշարժից հետո Աշոցքի ու Բավրայի դպրոցներում դասեր չեն անցկացվել