Արցախի նախագահի հավանական թեկնածուն էլեկտրամոբիլով է շրջում Ստեփանակերտում

Արցախի նախկին վարչապետը դասախոսություն է կարդացել Երևանում և խոսել Արցախի զարգացման ծրագրերի մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – Sputnik. Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը Ստեփանակերտում երթևեկում է էլեկտրամոբիլով, որը լիցքավորում է տնային վարդակից։ Նա այս մասին հայտնեց այսօր «Հայաստանի և Արցախի տնտեսական մոդելների նմանությունները և տարբերությունները» թեմայով քննարկմանը, որը կայացավ Երևանում, Հայ–Ռուսական համալսարանում։

«Ապագայում ծրագիր կա Արցախում հրաժարվել դիզելային վառելիքից և գազից։ Մի հետաքրքրիր բան ձեզ ասեմ` ես 2013 թվականի հին էլեկտրամոբիլ եմ գնել, որով երթևեկում եմ Ստեփանակերտում ու լիցքավորում մեր տան վարդակից։ Մի ամբողջ օր քշում եմ»,– ասաց նա։

Խոսելով Արցախի զարգացման ծրագրերից` Հարությունյանը նշեց, որ պետք է զարգացնել հատկապես էներգետիկայի և գյուղատնտեսության ոլորտները։ Տնտեսության զարգացման հենակետերից մեկը պետք է դառնա գյուղատնտեսությունը, հատկապես ոչխարաբուծությունը և պտղատու այգիների մշակումը. կաթիլային ոռոգման համակարգի շնորհիվ անգամ հին այգիների պտղատվությունը կարող է աճել մինչև երեք անգամ։ Նրա խոսքով` կաթիլային ոռոգմանը վերաբերող ծրագրերում շատ կարևոր է պետական սուբսիդավորումը, իսկ գործողությունների ձգձգումը հավասարազոր է հանցագործության։

Արցախի նախագահի հավանական թեկնածուն էլեկտրամոբիլով է շրջում Ստեփանակերտում

Դասախոսությունից հետո կայացած ճեպազրույցի ընթացքում Արցախի նախկին վարչապետն անդրադարձավ նաև Ամուլսարի հանքի խնդրին` նշելով, որ հանքարդյուանբերությունն ու անտառահատումները ցանկացած տնտեսության անբաժանելի մասն են, և դրանք շատ հանգիստ կարելի է կազմակերպել` առանց բնությանը էական վնաս հասցնելու։

Փաշինյանի առաջարկի իրական գինը. մեքենայի թանկն է լա՞վ, թե՞ էլեկտրամոբիլի էժանը

«Հրաժարվել հանքերից` նշանակում է խաչ քաշել Հայաստանի և Արցախի տնտեսությունների զարգացման վրա։ Սակայն, իհարկե, հանքի վերահսկողությանը պետք է շատ խիստ մոտենալ»,– ասաց նա։

700 000 եվրո`12 նոր մեքենա 12 նախարարի համար. ծառայողական էլեկտրամոբիլներ կգնեն

Արայիկ Հարությունյանը Արցախի 2020-ի նախագահական ընտրությունների հավանական թեկնածուներից է։ Ներկա նախագահ Բակո Սահակյանի` ընտրություններին իր թեկնածությունը չդնելու հայտարարությունից հետո մամուլը տեղեկություններ տարածեց, որ հենց Հարությունյանն է Արցախի ամենահավանական ապագա նախագահը։ Նրա ղեկավարած «Ազատ հայրենիք» կուսակցության համագումարին արդեն հայտարարվել է, որ Հարությունյանը մասնակցելու է նախագահի ընտրությանը, մնացել են մի շարք իրավական հարցեր` Հարությունյանի թեկնածությունը պաշտոնապես հաստատելու համար։ «Ազատ հայրենիքը» համարվում է Արցախի քաղաքական ամենախոշոր ուժը։

Երևանցի Դավիթն էլեկտրամոբիլ է սարքել և «թավշյա հեղափոխություն» է անում ճանապարհներին