Ադրբեջանը կարո՞ղ է ՀԱՊԿ–ում կարգավիճակ ստանալ. պատասխանում է ՌԴ փոխվարչապետը

ՀԱՊԿ–ում ցանկացած որոշում կընդունվի Կազմակերպության կանոնադրության և կանոնակարգի համապատասխան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի — Sputnik. ՀԱՊԿ–ում դիտորդի կարգավիճակ տրամադրելու որոշումը պետք է կոլեկտիվ ընդունվի: Այսօր Երևանում կայացած ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության հարցերով միջպետական հանձնաժողովի նիստից հետո լրագրողներին այս մասին ասաց ՌԴ փոխվարչապետ Յուրի Բորիսովը։

«Սա վերաբերում է ոչ միայն Ադրբեջանին։ ՀԱՊԿ–ը միշտ կողջունի համագործակցությունը ԽՍՀՄ նախկին բոլոր հանրապետությունների հետ։ Մենք բոլորս ժամանակին մեկ ընտանիք էինք, ընդհանուր շատ բաներ ունենք։ Դա վերաբերում է նաև, այսպես ասած, բոլոր այդ հանրապետությունների ռազմական ուժերի որոշակի բալանսին։ Այդ պատճառով մենք շատ հավասարակշիռ և մտածված քաղաքականություն ենք վարում», – ասաց Բորիսովը։

Ինչ վերաբերում է ՀԱՊԿ բոլոր երկրների հետ ռազմատեխնիկական համագործակցությանն ու Ադրբեջանին, ապա Ռուսաստանը, նրա խոսքով, շահագրգռված չէ, որ ղարաբաղյան հակամարտությունը բորբոքվի։

Ադրբեջանն առանց մեր համաձայնության չի կարող դիտորդի կարգավիճակ ստանալ ՀԱՊԿ–ից. Քոչարյան

«Հակառակը, Ռուսաստանն ամեն կերպ նպաստելու է, որ այդ հակամարտությունը լուծվի։ Գիտեք, թե ինչ դեր է խաղում այդ հարցում ՌԴ–ն, մասնավորապես, մեր նախագահը», – ասաց Բորիսովը։

Նա նշեց, որ «արդիականացման» մասին որոշումն ընդունվում է կոլեկտիվ սկզբունքով։ Ցանկացած որոշում ընդունվելու է Կազմակերպության կանոնադրությանն ու կանոնակարգին համապատասխան։

ՀՀ Ազգային ժողովը երեկ ընդունեց ՀԱՊԿ-ում գործընկերոջ կարգավիճակ ավելացնելու մասին օրինագիծը։ Ավելի վաղ ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը հայտարարել էր, որ պետք չէ մտահոգվել, թե Ադրբեջանը կարող է ՀԱՊԿ–ում ինչ–որ կարգավիճակ ստանալ առանց Երևանի համաձայնության։