Բողոքի ակցիա`դատարանի մոտ. Քոչարյանի աջակիցներից մեկին տեղափոխեցին ոստիկանություն

Ռոբերտ Քոչարյանի աջակիցները պահանջում են, որ Քոչարյանն ազատության մեջ մասնակցի դատական նիստերին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի — Sputnik. Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի առջև բողոքի ակցիա իրականացնող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից մեկը տեղափոխվեց  ոստիկանություն։

Վերաքննիչը վարույթ չի ընդունել Քոչարյանն ընդդեմ Փաշինյանի գործով բողոքը

Ոստիկանության լրատվական ծառայությունից Sputnik Արմենիային հայտնեցին, որ տղամարդը դատարանի մոտից բերվեց ոստիկանություն` վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածի հիմքով։

Նշենք, որ 182–րդ հոդվածը ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջին չենթարկվելու մասին է սահմանում։

Քոչարյանի աջակիցները Շենգավիթի դատարանի առաջ բողոքի ակցիա էին իրականացնում` պահանջելով ազատ արձակել Քոչարյանին։ «Քոչարյանն ազատության մեջ պետք է մասնակցի դատական նիստերին»,–ասում էին նրանք։

Քիչ անց կսկսի Քոչարյանի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով նիստը։

Ինչպես Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն ընդունեցին ՍԴ–ի որոշումը. տեսանյութ

Հիշեցնենք, որ Քոչարյանը ՍԴ-ին խնդրել էր ստուգել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի (քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների) և 135-րդ հոդվածի 2-րդ մասի (խափանման միջոց կիրառելու հիմքերի) սահմանադրականության հարցը։

ՍԴ-ն Քոչարյանի դիմումների քննությամբ որոշել էր քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը Սահմանադրության ուժով, հատուկ պաշտպանությամբ օժտված պաշտոնատար անձանց գործառութային անձեռնմխելիությունը քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների թվին չնախատեսելու մասով ճանաչել Սահմանադրության 4 հոդվածներին հակասող և անվավեր։

ՍԴ–ում Քոչարյանի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ ՍԴ որոշումից հետո Քոչարյանը պետք է ազատ արձակվի։ Այժմ, ըստ նրա,  Քոչարյանի խափանման միջոցը կարող է փոխել Առաջին ատյանի դատարանը կամ քրեակատարողական հիմնարկը։