ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի — Sputnik. Գյումրու 102-րդ ռազմաբազայի պայմանագրային զինծառայող Ալեքսանդր Նիկոլայի Բաբուշկինի մահվան պատճառը եղել է փայծաղի պատռվածքը։
Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ զինծառայողն օրեր առաջ վթարի է ենթարկվել իր մոտոցիկլով։ Վթարից հետո նա չի դիմել բուժօգնության:
Զինծառայողը վատ ինքնազգացողության պատճառով երեկ՝ սեպտեմբերի 10-ին աշխատանքից շուտ է տուն գնացել: Նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացել է իր վարձակալած բնակարանում:
Դիակի զննությունը ցույց է տվել, որ փայծաղի պատռվածքի պատճառով նրա մոտ սկսվել է ներքին արյունահոսություն:
Ալեքսանդր Բաբուշկինը կոչումով սերժանտ էր։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հարավային ռազմական օկրուգի ռազմակայանի հրամանատարությունը հայտարարել էր, որ Գյումրիում 102–րդ ռուսական ռազմակայանի՝ մահացած զինծառայողի մարմնի վրա բռնության հետքեր չեն եղել:
23–ամյա զինծառայողի մարմինը հայտնաբերվել էր Գյումրիում։ Հավաստի աղբյուրները Sputnik Արմենիային տեղեկացրել էին, որ զինծառայողի ինքնազգացողությունը վատացել է ծառայակցի ներկայությամբ, ավելի ուշ նա մահացել է շտապօգնության մեքենայում։ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ ուսումնասիրում են պատահածի հանգամանքները։