Հայաստանը «12-րդ խաղացող» ուներ. ում և ինչպես կրկին պետք է հաղթի ազգային հավաքականը

Հայաստանի ազգային հավաքականի վերջին երկու խաղերից ստացած տպավորությունները միայն դրական են։ Sputnik Արմենիայի սյունակագիր, «Տամբով» ակումբը գլխավորող Ալեքսանդր Գրիգորյանն իր տեսակետն է հայտնում երկու կրակոտ խաղերի վերաբերյալ։
Sputnik

Անցած շաբաթվա վերջում կայացան Եվրոպայի առաջնության ընտրական խաղերի հերթական երկու տուրերը։ Հայաստանի ազգային հավաքականը սեփական հարկի տակ երկու խաղ անցկացրեց Իտալիայի և Բոսնիայի հետ։ Մրցակիցները տարբեր էին մակարդակի առումով, բայց երկուսն էլ ուժեղ էին։ Իսկ այդ հանգամանքը պատասխանատու վերաբերմունք էր պահանջում։

Ֆուտբոլային սխրանք, որը ոգևորեց նաև Հայաստանի խաղին հետևող ռուս մեկնաբանին. տեսանյութ

Այս երկու խաղից հետո ակնհայտ դարձավ, որ Հայաստանի հավաքականը լուրջ առաջընթաց ունի գրոհային գործողություններում։ Արագավազ և վարպետորեն խաղացող ֆուտբոլիստների առկայությունը պետք է հանգեցներ և հանգեցրե՛ց նրան, որ սկսեցին հաջողվել վայրկենական գրոհներն ու հակագրոհները։ Բացի դրանից, արդյունք ապահովեցին նաև արդեն նկատելի խաղավարժությունը, առողջ ագրեսիան ու հիանալի տրամադրվածությունը։

Ինչ վերաբերում է կոնկրետ իտալացիների հետ խաղին. առաջինը, որ պետք է նշել, Հայաստանի հավաքականի կարգապահ և խելացի խաղն էր, թեև առաջին խաղակեսից հետո խաղում էին 10 ֆուտբոլիստով։ Այդուհանդերձ, իտալացիները, նույնիսկ տարածքային և խաղային առավելություն չունենալով, հակառակորդի դարպասի մոտ գոլային պահեր էին ստեղծում։ Բոսնիայի հավաքականը նույնպես մի քանի անգամ կարողացավ հայտնվել շահեկան իրավիճակներում։

Հայաստանի հավաքականի հաղթական խաղը՝ լուսանկարներով

Այսինքն հին հիվանդությունը` պաշտպանության խնդիրը, մնացել է։ Ճիշտ է` այլ մակարդակի է անցել, և դա պետք է նշել։ Քանի որ եթե նախկինում դժգոհություններ կային պաշտպանական գծի խաղացողների հնարավորությունների և որակավորման վերաբերյալ, ապա այսօր պաշտպանության խոցելիությունը պայմանավորված է ոչ թե առանձին խաղացողներով, այլ անբավարար վարժվածությամբ, թիմային գործողություններում առկա բացթողումներով։ Եվ հենց այստեղ է գտնվում այն ռեզերվը, որի հաշվին էլ կարելի է բարելավել արդյունքները. առանց հուսալի պաշտպանության հետագա առաջընթաց հազիվ թե լինի։

«Եվրոպայում էլ առաջարկներ ունեի, բայց նախընտրեցի Հայաստան գալ». Արաս Օզբիլիս

Բոսնիայի հետ խաղում շատ հաճելի էր հետևել Հայաստանի ամբողջ հավաքականին, իսկ Հենրիխ Մխիթարյանին` հատկապես։ Խաղադաշտում իսկական առաջատար կար, առաջնորդ։ Այդպես էլ պետք է լինի, և յուրաքանչյուր խաղում Հենրիխը պետք է իրեն դրսևորի որպես Հայաստանի ֆուտբոլի խորհրդանիշ։

Դարպասապահի դիրքում էլ Արամ Հայրապետյանին վստահելու բոլոր հիմքերը կան. վստահությունը թույլ կտա երիտասարդ դարպասապահին դրսևորել իրեն։ Ալյոշա Աբրահամյանի և Ռոման Բերեզովսկու ժամանակներից հետո այսօր նոր լավագույն դարպասապահի կարիք կա։

Երևանի մարզադաշտում մթնոլորտը, իհարկե, կախարդական էր, թեև հեռու էր այն հույզերից, որոնք ժամանակին փոթորկվում էին «Հրազդանում»։ 6 տարեկանում ես ներկա եմ եղել «Արարատի» և Վորոշիլովգրադի «Զարյա» թիմի հանդիպմանը, և ամբողջ խաղի մթնոլորտն ու երկրպագուների անհավանական բազմաձայնությունը մեխվել են հիշողությանս մեջ։ Սակայն այսօր էլ, եթե անկեղծ լինեմ, տրիբունաները դարձան Հայաստանի հավաքականի 12-րդ խաղացողը։

Հայաստանի ընտրանուն պարտվելուց հետո Բոսնիա և Հերցեգովինայի գլխավոր մարզիչը հրաժարական է տվել

Հիմա արդեն պետք է մոռանալ իտալացիներին ու բոսնիացիներին, որովհետև առջևում Լիխտենշտեյնի և Ֆինլանդիայի հետ արտագնա խաղերն են։ Դրանք շատ տարբեր են լինելու` Լիխտենշտեյնին անխոս պետք է հաղթել, այստեղ երկու կարծիք լինել չի կարող։

«Կարապետյանի հետ պայքարում ես ուղղակի աչքս էի պաշտպանում». Լեոնարդո Բոնուչի

Ֆինլանդիայի հետ մի փոքր ավելի դժվար կլինի. պետք է հաշվի առնել, որ ֆինները սեփական հարկի տակ փորձելու են հարձակողական ֆուտբոլ ցուցադրել։ Բայց նրանք մի կողմից ագրեսիվ են խաղում, մյուս կողմից` նրանց խաղաոճը չի կարելի կոմբինացիոն համարել. բավականին կանխատեսելի են. նուրբ խաղ և «բազմերանգ» կոմբինացիաներ պետք չէ սպասել նրանցից։

Հայաստանի հավաքականի մարզիչը պետք է մտածի, թե ինչ է պետք անել ավելի հաճախ հակագրոհի դիմելու համար, քանի որ այդ մասով է թիմն այսօր լավ խաղ ցուցադրում։

Չմոռանանք նաև տրամադրվածության մասին. դա անհրաժեշտ է, որպեսզի ֆուտբոլիստները հուզական առումով նույնքան վստահ տեսք ունենան, որքան սեփական հարկի տակ խաղալիս։