Գագիկ Խաչատրյանի պաշտպանները վերաքննիչ բողոք են ներկայացրել

Քրեական գործով պետությանը պատճառված 800 միլիոն դրամի վնասը վերականգնվել է: Փաստաբանները պահանջում են ազատ արձակել նախկին պաշտոնյային։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի պաշտպաններն առաջին ատյանի դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք են ներկայացրել: Sputnik Արմենիային այս մասին ասաց Խաչատրյանի պաշտպաններից Ամրամ Մակինյանը:

«Բողոքը ներկայացվել է երեկ` սեպտեմբերի 9-ին»,– ասաց նա։

Գագիկ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի վատնում կազմակերպելը): Քրեական գործով պետությանը պատճառված 800 միլիոն դրամի վնասը վերականգնվել է: Խաչատրյանի նկատմամբ կալանավորումը, որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը ներկայացրել էր Ազգային անվտանգության ծառայությունը: Օգոստոսի 30-ին Երևանի Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց, որ Խաչատրյանը պետք է կալանավորվի։

«Հայկական» բուժում. ինչու են բարձրաստիճան կալանավորները մեկնում արտասահման

Նախկին պաշտոնյան ձերբակալվել էր օգոստոսի 27-ին` իրեն պատկանող տարածքներում ԱԱԾ–ի կատարած խուզարկությունից հետո։

ԱԱԾ–ն հայտարարել էր, որ Խաչատրյանին պատկանող տարածքներում խուզարկություններ են իրականացվել ինչպես այս, այնպես էլ 2019–ի փետրվարի 2-ին հարուցված քրեական գործի շրջանակներում։

Ուժայինները հասել են սկանդալային նախկին սուպերնախարարին․ բայց ինչո՞ւ հիմա

Խուզարկություններ էին կատարվել նաև Գագիկ Խաչատրյանի հետ փոխկապակցված անձանց առանձնատներում և բնակարաններում, այդ թվում Խաչատրյանի եղբորորդու` Կարեն Խաչատրյանի տանը։ Նա, ի դեպ, Գագիկ Խաչատրյանի ղեկավարման տարիներին ևս պաշտոնավարել է ՊԵԿ–ում:

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները երկու միջնորդություն են ներկայացրել դատարան