ԲՀԿ–ն առաջարկում է վերջ տալ ստվերային բիզնեսին և ոռոգման ջրի գումարները վճարել բանկով

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը կարծում է, որ ջրօգտագործման դիմաց գանձվող գումարները հնարավոր է վերահսկել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն առաջարկում է ջրօգտագործման դիմաց գանձվող գումարները վճարել անկանխիկ՝ բանկային կամ փոստային փոխանցման տարբերակով։ Խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն այս մասին ասաց այսօր Ազգային ժողովի նիստում` խոսելով ՀՀ ջրօգտագործողների միությունների և ջրօգտագործող ընկերությունների մասին օրենքում լրացումներ կատարելու մասին նախաձեռնությանը։

Միլիարդներ են մսխվել. Համբարձում Մաթևոսյանը` կոռուպցիայի ու չարաշահումների մասին

Բագրատյանը նշեց, որ ոռոգման համակարգում կա ընդամենը երկու խնդիր՝ վարձավճարների մսխում և ցույց չտրվող ցանքատարածքներ։

«Հիմա գրել ենք, որ այդ գումարները բանկով վճարեն, որ չկարողանան կանխիկ վճարեն, ջիպեր առնեն, դուք էլ մտածեք` ինչպե՞ս անեք, որ լևի այգիներ չլինեն»,- ասաց նա։

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը կից Ջրային տնտեսության պետական կոմիտեի տվյալները նույնպես վկայում են, որ ոռոգման ջրի համար քիչ գումար է հավաքվում։ Կոմիտեի 2018 թվականի հաշվետվության համաձայն` վճարի միայն 48% է հավաքվել (3,3 միլիարդ դրամ)։ Համեմատության համար նշենք, որ խմելու ջրի գումարի վճարները գերազանցում են 92%–ը։

Հայաստանում կարելի է բանջարեղեն աճեցնել առանց պարարտանյութի և ջրի գերծախսի. ռուս գործարար