Մխիթարյանն առաջատարի պես տարավ թիմն իր հետևից, սևագործ աշխատանք կատարեց. Գյուլբուդաղյանց

Արմեն Գյուլբուդաղյանցի խոսքով` եթե մեր դարպասապահն Արամ Հայրապետյանը չլիներ, հաղթելը շատ դժվար կլիներ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի — Sputnik. Հենրիխ Մխիթարյանն առաջատարի պես տարավ թիմն իր հետևից, սևագործ բոլոր աշատանքներն արեց։ Այս մասին Հայաստան– Բոսնիա և Հերցեգովինայի հետ հաղթական խաղից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը։

Փայլուն հաղթանակ. Հայաստանի հավաքականը կշարունակի պայքարը Եվրո 2020–ի եզրափակիչ փուլի համար

Արդեն հայտնել ենք, որ Եվրո-2020-ի ընտրական խաղում Հայաստանի հավաքականը 4։2 հաշվով հաղթեց Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականին։

«Շատ ապրի Մխիթարյանը, ամեն ինչ արեց։ Ապրեն մեր բոլոր տղաները, նույնիսկ նրանք, ովքեր չեն խաղացել, քանի որ վերջիններս էլ իրենց էներգետիկայով օգնեցին, որ հաղթենք»,–ասաց նա։

Հարցին, թե թիմի դարպասապահ Արամ Հայրապետյանի խաղը ինչպե՞ս է գնահատում, գլխավոր մարզիչը պատասխանեց, որ նա նույնպես շատ լավ էր դրսևորում իրեն։ Գյուլբուդաղյանցի խոսքով` բոլորն էլ տեսան` քանի անգամ Հայրապետյանը փրկեց խաղը։ «Ես նրան հավատում եմ, ապրի Արամը։ Եթե ինքը չլիներ, մեզ համար շատ դժվար կլիներ այսօր հաղթելը»,–ասաց նա։

Գոլառատ ֆուտբոլ. մեր հավաքականը 3 անգամ արդեն գրավել է հակառակորդի դարպասը

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը նշեց, որ վերջին երեք խաղը հավաքականը նույն մարտավարությամբ է խաղում, և պիտի փորձեն ավելի լավացնել այդ մարտավարությունը։

Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտ Պրոսինեչկին էլ իր հերթին շնորհավորեց Հայաստանի հավաքականին արժանի հաղթանակի կապակցությամբ` նշելով, որ իրենց հավաքականը նույնպես հաղթելու շանսեր ուներ, որը, սակայն, չօգտագործեցին։

«Մենք պատրաստվել էինք այսպիսի ճնշմանը, քանի որ նայել էինք Հայաստանի խաղը, բայց... Պետք է առաջ նայենք և պատրաստվենք հաջորդ խաղերին»,–ասաց նա։

Հիշեցնենք, որ նախորդ` Հայաստան–Իտալիա խաղի ժամանակ Գյուլբուդաղյանցը հայտնել էր, որ Հայաստանի հավաքականը փորձում է ագրեսիվ ֆուտբոլ խաղալ։

Ի դեպ, այսօր Մխիթարյանը դուբլի հեղինակ դարձավ` երկու անգամ գրավելով մրցակցի դարպասը։ Մրցակիցը մեկ ինքնագոլ արեց, իսկ 4–րդ գոլի հեղինակը Հովհաննես Համբարձումյանը դարձավ։