Նա ներկա չի եղել վարչապետի և համաքաղաքացիների երևանյան քննարկմանը, բայց հետևել է հանդիպման վերաբերյալ տեղեկատվությանը:
«Կարծում եմ, այն հարցը, ինչի համար գնացել էին մեր ընկերները՝ Ամուլսարի հանքը պետք է շահագործվի՞, թե՞ ոչ, պատասխանը մենք դեռ չենք ստացել: Ուղղակի մտածում էինք, որ քննարկմանը արդեն հստակ որոշում կլիներ, ու մեզ հստակ պատասխան կտային, բայց, ցավոք, հստակ պատասխան մեզ չտվեցին»,-ասում է Նարեկ Միրզոյանը:
Ինչ վերաբերում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և «Լիդիանի» ղեկավար-ներկայացուցիչների՝ նույն օրը տեղի ունեցած հանդիպմանը, ապա դա մեր զրուցակցին, ով դեմ է ոսկու հանքի շահագործմանը, ոչինչ չի հուշել. «Եղել է հանդիպում, որը մենք էլի ողջունում ենք: Պետք է լսել մի կողմին ու մյուս կողմին ևս: Ուղղակի ցանկալի կլիներ, որ եռակողմ հանդիպում լիներ, արդեն՝ վարչապետի, բնակչության և «Լիդիանի» ներկայացուցիչների միջև, որպեսզի բոլորս կարողանայինք դեմ դիմաց նստել և մեր հարցերի պատասխանները հստակ ստանալ»:
Հնարավո՞ր է, որ այս ընթացքում Ամուլսարի ոսկու հանքի շահագործման հարցում Ջերմուկում տրամադրություններ են փոխվել:
Նարեկ Միրզոյանի դիտարկմամբ՝ ջերմուկցիների տրամադրություններում ոչ մի փոփոխություն չի եղել: Նրա խոսքով՝ ինչպես մեկ տարի առաջ բնակչության զգալի մասը կանգնեց և ոսկու հանքավայրի շահագործմանը դեմ արտահայտվեց, առ այսօր այդ տրամադրվածությունը պահպանվել է: Միրզոյանը համոզված է` Ջերմուկը եղել է հանքաջրաբուժական կենտրոն, Ջերմուկը հիմա այդ «թեքումով» զբոսաշրջային կենտրոն է և պետք է այդպիսին մնա ու զարգանա ու չվերածվի ոսկու հանքավայրի:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 6–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ամուլսարի թեմայով հանդիպում է ունեցել ջերմուկցիների, ապա «Լիդիան ինթերնեյշնլ» ընկերության ժամանակավոր նախագահ և գործադիր տնօրեն Էդվարդ Սելլերսի և «Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանի հետ: