ՌԱԴԻՈ

Միքայելյան. «Հարցն ունի ոչ միայն տեխնիկական, այլև քաղաքական ենթատեքստ»

Քաղաքագետ Հրանտ Միքայելյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՀՀ փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանի հայտարարությանը, ըստ որի՝ օտարերկրյա վարորդական իրավունքներով տրանսպորտային միջոցներ վարողներին կարգելվի երկրում ծառայությունների մատուցումը։
Sputnik
Միքայելյան. «Հարցն ունի ոչ միայն տեխնիկական, այլև քաղաքական ենթատեքստ»

Քաղաքագետը, մասնավորապես, նշել է, որ ՀՀ քաղաքացիների համար ՌԴ-ում վարորդական իրավունքի հարցը չափազանց կարևոր է, և այդ մասին բազմիցս խոսվել է անգամ բարձրագույն մակարդակով, սակայն առաջընթաց դեռ չկա: Գուցե հայկական կողմն իր քայլով ցանկանում է այնպես անել, որ Ռուսաստանն արձագանքի խնդրին, կատարի ինչ-որ քայլ, վերանայի իր կողմից ընդունված օրենքը, որպեսզի մեր վարորդները կարողանան այնտեղ վարորդական իրավունքը կիրառել կոմերցիոն նպատակներով:

Վայ–վարորդները կզրկվեն վարորդական իրավունքից. Հայաստանում մտադիր են խիստ օրենք ընդունել

«Ընդ որում, հարցն ունի ոչ միայն տեխնիկական, այլև քաղաքական ենթատեքստ, որովհետև նույն ՌԴ-ում հարցը ժամանակին քննարկվել է բարձր մակարդակով: Եթե հայկական կողմն այս քայլով պատասխանում է ՌԴ-ին, ապա սա նույնպես իր մեջ պարունակում է քաղաքական բաղադրիչ:  Ցանկացած պետություն ձգտում է արտերկրում իր քաղաքացիների համար ապահովել առավելագույն նպաստավոր պայմաններ, բայց եթե այդ հարցում առաջանում են սահմանափակումներ, ապա դա առաջացնում է դժգոհություններ»,- նշեց Հրանտ Միքայելյանը:

Քաղաքագետն անդրադարձել է նաև ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հայտարարությանը, որ թեև Հայաստանի ու Ռուսաստանի միջև  կան որոշ իրավական բնույթի գործընթացներ, սակայն միջպետական մակարդակով ունակ ենք պահպանել այն կարևոր օրակարգը, որը երկու երկրների դաշնակցային հարաբերությունները զարգացնելու միտում ունի: