ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի- Sputnik. Արմենուհի Մխոյան «Տընգլ-մընգլ», «Ցորեն եմ ցանել արտը», «Բոբիկ ջուր մի էրա», «Տընգոզ է մայլի տղեն», և շիրակյան մյուս երգերը սովորելու ու ազգայինը պահպանելու գաղափարը համախմբել է գյումրեցի մանկավարժներին:
Սկզբում միայն մի քանիսն, երգերն իմանալու հետաքրքրությամբ համախմբվեցին խմբավար Անի Նավասարդյանի շուրջ, ավելի ուշ`նրանց միացան մյուսները, շուտով մանկավարժների ոգևորությամբ վարակվեցին նաև աշակերտները:
«Գյումրու ուսուցչական երգչախմբի» անդամներից քչերն ունեն երաժշտական կրթություն ու նախկինում հանրության առջև երբեք չեն երգել, բայց հիմա արդեն ծննդյան տոներին ու հարսանիքներում են երգում:
Ամեն ինչ սկսվեց, երբ «Խազեր» երգչախմբի ղեկավար Անի Նավասարդյանը տեղափոխվեց Գյումրի, մինչ այդ աշխատում էր «Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի» ուսուցչական երգչախմբում: Գյումրիում երգչախումբ ստեղծելու գաղափարը տարբեր հաստատություններում ներկայացրեց, ամենապատրաստակամը Գյումրու թիվ 10 դպրոցի ուսուցչական հանրույթն արձագանքեց:
«Անին իր առաջարկով եկավ դպրոց: Ես էլ խոստացա դպրոցում երգչախումբ հիմնելու դեպքում 10 մանկավարժ ներգրավել, սակայն ինչպես դպրոցի տնօրենի, այնպես էլ մյուս մանկավարժների արձագանքն սպասվածից ավելին էր: Հիմա նույնիսկ թոշակառու «երգիչ» ունենք, որը մեզ հետ միասին ամեն շաբաթ հաճույքով է գալիս երգի ուսուցման պարապմունքներին»,-պատմում է դպրոցի փոխտնօրեն Նարինե Մելքոնյանը:
Ազգապահպան գաղափարին շուտով նաև այլ դպրոցներից միացան: «Ազգային երաժշտություն, ոչ պրոֆեսիոնալ երաժիշտներ՝ սա նոր հետաքրքրություն է երգչախմբի անդամների համար, որն անպայման փոխանցվելու է աշակերտներին»,-նշում է Նավասարդյանը:
Գաղափարն այնքան գայթակղիչ է, որ գյումրեցի գործընկերներին միացել է նաև հարևան Ղարիբջանյան գյուղի դպրոցի պատմության ու հասարակագիտության ուսուցչուհին` Կարինե Քոջոյանցը, որը, նույնիսկ ծանրաբեռնված գրաֆիկին, ժամանակ գտնում է Գյումրի հասնել և մասնակցել երգչախմբի պարապմունքներին:
«Փաշինյանն ինձ նվեր է ուղարկել». ի՞նչ է ստացել 7-ամյա Նունեն ծննդյան օրը. տեսանյութ
«Խմբի մասին պատահական եմ իմացել, մեծ հաճույքով ու պարտաճանաչ հաճախում եմ բոլոր փորձերին։ Ազգայինը սովորելու միտքը ոգևորեց ինձ: Սա նաև իմ աշխատանքն է մոտիվացնում»,- նշում է ուսուցչուհին, ու ավելացնում` նախաձեռնությանն իրենց դպրոցից ևս մեկ ուսուցչուհի է միացել:
Ավելի ուշ երգչախմբին միացել է «Հրայրք» ավանդական երգի, պարի խմբի անդամ Լարիսա Ժամակոչյանը, ում շնորհիվ էլ ուսուցիչները նաև ազգագրական պարեր են սովորում:
Սկզբում միացա երգեր սովորելու համար, հետո արդեն ուսուցիչների ոգևորությունը տեսնելով, մտածեցի` ես էլ ազգային պարեր սովորեցնեմ, և համատեղենք երգն ու պարը»,-նշեց Ժամակոչյանը, վստահեցնելով՝ ոգևորությունը հեշտացնում է աշխատանքը:
«Երեխաների քաղաքը» մեկուսացած և առանձնացված չի լինելու. «Հայկական Կարիտասի» հայտարարությունը
Գյումրու նորաստեղծ ուսուցչական երգչախումբը հասցրել է մասնակցել նաև Հառիճում անցկացված ոչ մրցութային փառատոնին: Առաջին բեմելը երգչախմբի համար ոչ միայն իրենց կարողությունները ներկայացնելու, այլև դպրոցի համար որոշակի խնդիրներ լուծելու առիթ դարձավ. փառատոնին մասնակցելու համար տրամադրված գումարով, վերանորոգեցին դպրոցի դահլիճի աթոռների մի մասը: Ի դեպ, դպրոցի ուսուցիչներից բացի, նախաձեռնությանը սիրով միացան նաև մյուսները:
Երգչախմբի անդամների թվի ավելացում, երգերի մաքուր կատարում ու ազգային երգն ու պարն ավելի մեծ թվով աշակերտների փոխանցելու առաջիկա ծրագրեր ունի խմբի ղեկավարը:
Այսօր արդեն դպրոցի տնօրեն Լիաննա Վարդանյանն էլ վստահեցնում է՝ երգչախումբը նոր փառատոնների ու համերգների մասնակցելու, և սեփական դպրոցի խնդիրները սեփական ուժերով հաղթահարելու հավակնոտ ծրագրեր ունեն, որոնք համախմբված ու պատվախնդրությամբ առաջ կտանեն: