2020 թվականի Ստեփանակերտը բոլորովին ուրիշ պետք է լինի. Աշոտ Ղուլյան

Արցախի ԱԺ նախագահի խոսքով` Արցախի միջազգային ճանաչման ճանապարհին ամեն ընտրություն Արցախի համար լրացուցիչ հնարավորություն պետք է լինի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի — Sputnik. 2020 թվականի Ստեփանակերտը բոլորովին ուրիշ պետք է լինի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը։

Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր Արցախում ՏԻՄ ընտրություններ են. 228 համայնքում առաջադրվել է համայնքի ղեկավարի 415 և ավագանու անդամի 2573 թեկնածու։ Ստեփանակերտի քաղաքապետի պաշտոնում առաջադրվել է 5 թեկնածու՝ Դավիթ Սարգսյան, Արայիկ Ավանեսյան, Արմեն Հակոբյան, Արեգ Ավագյան, և Գրիգորի Սահակյան:

«…Հռչակում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը»

«Ստեփանակերտը միշտ էլ աչքի է ընկել իր մաքրությամբ և կոլորիտով։ Սակայն ժամանակները փոխվում են և առաջիկա տարիներին, կարծում եմ, այս ընտրություններով ընտրված թեկնածուներից սպասելիքները մեծ են լինելու։ Ամեն ընտրություն Արցախի համար լրացուցիչ հնարավորություն է Արցախի միջազգային ճանաչման ճանապարհին` իր պետականության հասունությունը, ժողովրդավարության մակարդակը ցուցանելի դարձնելու համար»,–ասաց նա։

Նրա խոսքով` այս ընտրությունները նաև հիանալի հնարավորություն են ընտրական պրոցեսում եղած թերություններն արձանագրելու ու հետագայում դրանք շտկելու համար։

Ղուլյանը նշեց, որ ամեն տարի Ստեփանակերտում փոփոխություններ են լինում։ Ըստ նրա` ովքեր 90-ական թվականներին եղել են Ստեփանակերտում, հիմա հաստատ կտեսնեն, որ ահռելի աշխատանք է կատարվել պատերազմի հետևանքները վերացնելու ուղղությամբ։

Աբրահամյան. «Մեր ընտրությունների որակը կախված չէ տարբեր սուբյեկտների հետաքրքրությունից»

Հիշեցնենք, որ ՏԻՄ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու համար հավատարմագրվել է 400-ից ավել դիտորդ: