ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik. Սահմանադրական դատարանի որոշումից հետևում է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ապօրինաբար է գտնվում կալանքի տակ։ Այսօր Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց նրա պաշտպան Հայկ Ալումյանը։
«Այդ որոշման մեջ կան դիրքորոշումներ, որոնցից հետևում է` Ռոբերտ Քոչարյանը կալանքի տակ է գտնվել ապօրինաբար»,– ասաց նա` հիշեցնելով Սահմանադրության այն դրույթը, ըստ որի` պաշտոնաթող նախագահը չի կարող պատասխանատվություն կրել այն գործողությունների համար, որոնք բխել են նրա կարգավիճակից։
Ալումյանը նշեց, որ ՍԴ–ի որոշման մեջ կա հանգուցային հատված, այն է` Սահմանադրությունը չի ամրագրում հատուկ ընթացակարգ, որի շրջանակներում պաշտոնաթող Հանրապետության նախագահին պատասխանատվության ենթարկելու համար հիմք հանդիսացող գործողությունները որևէ պետական մարմնի կողմից կարող են գնահատվել որպես Հանրապետության նախագահի կարգավիճակից բխող կամ չբխող:
«Այսինքն ՍԴ–ն ասում է, որ չկա մարմին և ընթացակարգ, որից կարելի հետևության գալ` պաշտոնաթող նախագահին վերագրվող գործողությունները բխում են նրա կարգավիճակից, թե ոչ։ Չկա այդպիսի մարմին, որը կարող է ասել` այս մեղսագրվող գործողությունների առումով Քոչարյանն անձեռնմխելի չէ»,– ասաց նա` ավելացնելով, որ սա ՍԴ–ի գլխավոր մեսիջներից մեկն է, ընդ որում` պարտադիր բոլոր դատարանների համար։
Սահմանադրական դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանն էլ նշեց, որ ուսումնասիրել է ՍԴ–ի որոշումը և եկել եզրահանգման` քրեակատարաղական հիմնարկում այսօր գտնվում է անձեռնմխելիությամբ երաշխավորված անձ։
«Ինքնին այս նախադասությունը նշանակում է ՍԴ–ի կոպտագույն խախտում։ Քանի որ անձեռնմխելիություն բառը և քրեակատարողական հիմնարկը միմյանց հակասում են։ Սա իսկապես անասելի երևույթ է իրավունքի տեսանկյունից։ Քոչարյանը չէր կարող կալանավորվել։ Նա նույնիսկ չէր կարող որպես մեղադրյալ ներգրավվել»,– ասաց նա։
Վարդևանյանի խոսքով` Քոչարյանն անհապաղ պետք է լինի ազատության մեջ։
Հիշեցնենք, որ 2018 թվականի հուլիսի 26-ին Մարտի 1-ի գործով Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:
Ռոբերտ Քոչարյանը ՍԴ-ին խնդրել էր ստուգել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի (քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների) և 135-րդ հոդվածի 2-րդ մասի (խափանման միջոց կիրառելու հիմքերի) սահմանադրականության հարցը։
Սահմանադրական դատարանը երեկ հրապարակեց Ռոբերտ Քոչարյանի գործով ամբողջական որոշումը