ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի դստեր` Անահիտ Ծառուկյանի և Խաչատուր Սուքիասյանի որդու` Ալբերտ Սուքիասյանի հարսանիքին հրավիրված է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այս մասին հայտնում է Armlur.am-ը:
Զույգի պսակադրությունը տեղի է ունեցել Աբովյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում, իսկ հարսանեկան արարողությունը կկայանա «Փարավոն» ռեստորանում, որի արտաքին տեսքն ու լուսավորությունն ամբողջությամբ փոխել են:
Ռեստորանն արդեն երկու ամիս է` փակ է. պատրաստվում էին էլիտար հարսանիքին: Հարսանեկան արարողությանը մասնակցելու համար արտասահմանից մեծ թվով հյուրեր են ժամանել, որոնց արդեն դիմավորել և տեղավորել են հյուրանոցներում: Հարսանիքի տոնական մասը կապահովեն հայ և օտարերկրյա կատարողները, որոնց անունները դեռ հայտնի չեն:
Հիշեցնենք, որ հարսի զգեստի դիզայները լիբանանցի աշխարհահռչակ Էլի Սաաբն է, որի ստեղծած զգեստների արժեքը տատանվում է 200-300 հազար դոլար: ԶԼՄ–ների տվյալներով` հարսնացուն ժամանակ առ ժամանակ մեկնում էր Դուբայ զգեստը փորձելու համար: