Ծառուկյանը չգիտի` դստեր հարսանիքին Սերժ Սարգսյանին հրավիրի, թե Փաշինյանին. «Իրատես»

Թերթն անդրադարձել է Գագիկ Ծառուկյանի և Խաչատուր Սուքիասյանի զավակների հարսանիքի թեմային` նշելով, որ Ծառուկյանը երկու քարի արանքում է հայտնվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի – Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հանդեպ իշխանության վերաբերմունքը չի փոխվել։ Այս մասին գրում է «Իրատես» թերթը։

Մեծահարուստների երեխաներն ամուսնանում են. սկսվում է էլիտար հարսանիքների սեզոնը. «Հրապարակ»

«Նիկոլ Փաշինյանը հետ չի կանգնել այն մտքից, որ Գագիկ Ծառուկյանը պետք է քաղաքականությունից դուրս գա։ Կառավարությունից մեզ փոխանցեցին, որ այս օրերին Ծառուկյանի բոլոր «օբյեկտներում» ստուգումներ են։ Փաշինյանի որակմամբ՝ սեփականատեր Ծառուկյանը բողոքել է, որ չեն թողնում աշխատել, օր ու արև չեն տալիս իր «բիզնեսներին»»,– նշված է հոդվածում։

Ըստ թերթի` այս գանգատը հասել է Փաշինյանին, և նա հրահանգել է խորհրդարանական ընդդիմադիր ամենամեծ խմբակցություն ունեցող ղեկավարի շուրջ օղակն ավելի սեղմել։

«Ի դեպ, Գագիկ Ծառուկյանը կրակն է ընկել մեկ այլ հարցում ևս։ Հայտնի է, որ շաբաթ օրը նրա դստեր և Խաչատուր Սուքիասյանի որդու հարսանիքն է, և նա երկու քարի արանքում է հայտնվել։ Հարսանիքին հրավիրի Սերժ Սարգսյանին, Նիկոլ Փաշինյանն ավելի կկատաղի, Փաշինյանին կանչի, բա որ չգա՞ (չնայած նրանից առաջ Սուքիասյանն արդեն հրավիրած կլինի)։ Իսկ եթե մինչ այդ Քոչարյանն ազատության մեջ հայտնվի, ի՞նչ պիտի անի Գագիկ Ծառուկյանը։ Բա որ երեքն էլ գա՞ն»,– եզրափակում է պարբերականը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Անահիտ Ծառուկյանի և Ալբերտ Սուքիասյանի հարսանիքին շուրջ 500 մարդ է հրավիրված։ Հարսի զգեստը կարում է լիբանանցի դիզայներ Էլի Սաաբը։ ԶԼՄ–ների տվյալներով` հարսնացուն ժամանակ առ ժամանակ մեկնում է դիզայների մոտ` զգեստը փորձելու։