ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի — Sputnik. Սահմանադրական դատարանը հրապարակել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի վերաբերյալ ամբողջական որոշումը:
Համաձայն որոշման` Ռոբերտ Քոչարյանի դիմումով ներկայացրած Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը` Սահմանադրության ուժով հատուկ պաշտպանությամբ օժտված պաշտոնատար անձանց գործառութային անձեռնմխելիությունը՝ քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների թվում չնախատեսելու մասով, ճանաչել Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետին, 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին և 75-րդ հոդվածին հակասող և անվավեր:
Իսկ 2–րդ` Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանը:
Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
ՍԴ–ն հայտնում է, որ գործի շրջանակներում, օրինակ, պետք էր պարզել` արդյոք օրենսգրքում առկա են Սահմանադրության ուժով անձեռնմխելիությամբ օժտված պաշտոնատար անձանց՝ իրենց լիազորությունների ժամկետում և դրանից հետո իրենց կարգավիճակից կամ գործունեությունից բխող գործողությունների համար հետապնդելուց և պատասխանատվության ենթարկելուց արդյունավետ պաշտպանելու համար անհրաժեշտ օրենսդրական կառուցակարգեր և ընթացակարգեր:
ՍԴ որոշման մեջ նշվում է, որ, օրինակ, ՍԴ–ն գտնում է` քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածում առկա է օրենսդրական բաց` բացակայում է այն իրավական հիմքը, որով Սահմանադրության ուժով հատուկ պաշտպանությամբ օժտված պաշտոնատար անձանց նկատմամբ չի իրականացվի քրեական հետապնդում, և քրեական գործի վարույթը կկարճվի բոլոր այն դեպքերում, երբ իրավասու մարմինը պատշաճ իրավական ընթացակարգի արդյունքում կպարզի նրանց գործառութային անձեռնմխելիության առկայությունը:
Ինչպես Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն ընդունեցին ՍԴ–ի որոշումը. տեսանյութ
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը ՍԴ-ին խնդրել էր ստուգել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի (քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների) և 135-րդ հոդվածի 2-րդ մասի (խափանման միջոց կիրառելու հիմքերի) սահմանադրականության հարցը։
Քոչարյանի խափանման միջոցի հարց չի կարող քննարկվել. արդարադատության նախարար
Հիշեցնենք, որ 2018 թվականի հուլիսի 26-ին Մարտի 1-ի գործով Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: