ՀՀ–ի և ՌԴ–ի հարաբերություններում որևէ տարաձայնություն չկա. Մնացականյան

Արտգործնախարարը վստահեցնում է` Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները բավական ամուր հիմքեր ունեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի — Sputnik.Հայաստանի և Ռուսաստանի միջպետական հարաբերություններում որևէ տարաձայնություն չկա։ Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։

«Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները բավական ամուր հիմքեր ունեն։ Ճիշտ է` կան որոշ իրավական բնույթի գործընթացներ, սակայն միջպետական մակարդակով ունակ ենք պահպանել այն կարևոր օրակարգը, որը երկու երկրների դաշնակցային հարաբերությունները զարգացնելու միտում ունի»,–ասաց նա։

Նախարարի խոսքով` Ռուսաստանի հետ հարաբերությունները գնում են իրենց հունով։

Հիշեցնենք` դեռ հունիսին Մնացականյանը հայտնել էր, որ Հայաստանը ռազմավարական միություն ունի Ռուսաստանի հետ, ծավալուն օրակարգ, խոր հարաբերություններ։ Նրա խոսքով` Հայաստանը շարունակելու է (և դա նշված է կառավարության ծրագրում) ընդլայնել և զարգացնել ՌԴ–ի հետ մեր ռազմավարական հարաբերությունները։

Ի դեպ, հոկտեմբերի 1–ին Հայաստան կժամանի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը` մասնակցելու Հայաստանում կայանալիք ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին։