Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման առումով լավ լուր չկա. ԱԳ նախարար

Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի — Sputnik. Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման առումով որևէ լավ լուր չկա։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։

Սիրիայի հարցում ՌԴ–ի հետ հստակ ձևավորված ռազմավարական համագործակցություն կա. ԱԳ նախարար

«Թուրքիայի հետ հարաբերությունների ուղղությամբ ոչ ողջունելի իրողություններ ունենք` Թուրքիայի կողմից Ցյուրիխի գործընթացի մերժում, շարունակական շրջափակում, Ցեղասպանության ժխտում»,– ասաց նա։

Նախարարի խոսքով` Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը։ Սակայն դրա համար ենթադրվում է երկկողմանի ցանկություն ու համագործակցություն, ինչը, դեռևս, չկա։

Հիշեցնենք` ավելի վաղ Մնացականյանը հայտնել էր, որ Հայաստանն ու Թուրքիան կորցրել են երկկողմանի հարաբերությունները կարգավորելու հնարավորությունն ու դրա մեղավորն Անկարան է։

Այստեղից է սկսվում Հայաստանը… Երեք սահմանների խաչմերուկում ապրողների մասին

Խոսքը 2009թ–ի հոկտեմբերի իրադարձությունների` ցյուրիխյան արձանագրությունների մասին է։ Այն ժամանակ երկու երկրների արտգործնախարարները դիվանագիտական հարաբերությունների հաստատման ու առանց նախապայմանների երկկողմանի հարաբերությունների զարգացման մասին արձանագրություններ էին կնքել։ Սակայն, ավելի ուշ, Թուրքիան հրաժարվեց վավերացնել դրանք և առաջ քաշեց հայկական զինված ուժերն, իրենց խոսքով` «գրավված տարածքներից» հանելու նախապայմանը։