ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի– Sputnik. Նախկին զինծառայողներին կտրամադրվի անհատույց պետական ֆինանսական աջակցություն` բնակարանի գնման վկայագրերի միջոցով։
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից, ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում զինվորական ծառայությունից երկարամյա զինվորական կենսաթոշակի իրավունքով արձակված և զինվորական ծառայության ընթացքում որպես բնակարանային ապահովության իրավունք ունեցող հաշվառված նախկին զինծառայողներին, որոնց զինվորական ծառայության ընթացքում չի տրամադրվել անհատույց սեփականության իրավունքով բնակարան, տնամերձ հողամաս կամ անհատույց պետական ֆինանսական աջակցություն, ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված կարգով բնակարան կամ բնակելի տուն գնելու համար 2019թ. հունիսի 1-ից մինչև 2020թ. դեկտեմբերի 1-ը կտրամադրվի անհատույց պետական ֆինանսական աջակցություն` բնակարանի գնման վկայագրերի միջոցով։
Բնակարանի գնման վկայագրերը սկզբում կստանան սահմանամերձ բնակավայրերի շահառուները, ապա Հայաստանի Հանրապետության մյուս մարզերի, վերջում` Երևան քաղաքի նախկին զինծառայողները:
Ելնելով սահմանված առաջնահերթություններից` առաջարկվում է ՀՀ Շիրակի, Արարատի և Գեղարքունիքի մարզերում բնակարանային հաշվառման վերցնելու օրվա դրությամբ հաշվառված շահառուներին բնակարանային գործերում առկա փաստաթղթերը թարմացնելու համար մինչև ս.թ. սեպտեմբերի 30-ը, ինչպես նաև Տավուշի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերից փաստաթղթերը դեռևս չթարմացրած շահառուները ներկայանան ՀՀ ՊՆ զինծառայողների սոցիալական ապահովության վարչություն հետևյալ փաստաթղթերով (Հասցեն` ք. Երևան, Բաբայան փող. 4, հեռ. 010-28-74-41).
զորացրման հրամանի լուսապատճենը,
շահառուի և նրա ընտանիքի անդմաների անձնագրերի լուսապատճեները (բնօրինակների հետ),
ամուսնության (ամուսնալուծության) վկայականի լուսապատճենը (բնօրինակների հետ միասին),
անձնագրային բաժնից տեղեկանք շահառուի և նրա ընտանիքի անդամների հաշվառման հասցեների վերաբերյալ,
շահառուի և նրա ընտանիքի անդամների հաշվառման վայրի բնակարանի (բնակելի տան) սեփականության իրավունքի վկայականների լուսապատճեները (բնօրինակների հետ), ինչպես նաև նշված բնակարաններում հաշվառված անձանց վերաբերյալ տեղեկանք անձնագրային բաժնից,
տեղեկանք համատիրությունից բնակվող անձանց վերաբերյալ,
տեղեկանք ՀՀ կառավարության առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համապատասխան ստորաբաժանումից` շահառուի և նրա ընտանիքի անդամների անվամբ վերջին 5 տարիների ընթացքում ՀՀ տարածքում սեփականության իրավունքով առկա բնակելի նշանակության անշարժ գույքի ձեռք բերման և (կամ) օտարման վերաբերյալ,
աղետի գոտում հաշվառվածների կամ աղետից տուժած անձանց, ինչպես նաև փախստականների դեպքում` համապատասխան մարմնի կողմից տրված տեղեկանք բնակարանով կամ դրա ձեռքբերման համար համապատասխան վկայագրով ապահովված չլինելու մասին:
Մյուս մարզերում հաշվառված շահառուների վերաբերյալ հայտարարությունները կհրապարակվեն հաջորդիվ: