«Վեթինգը» պետք է սկսել հենց ինձանից. ԲԴԽ նախագահը` բարեվարքության ու Գրիգորյանի մասին

Բարձրագույն դատական խորհրդի նախագահի համար անհասկանալի է «իշխանություններին հարմար ԲԴԽ» ձևակերպումը։ Նա խոսել է «վեթինգի» և դատավոր Դավիթ Գրիգորյանի շուրջ ծավալված իրադարձությունների մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի – Sputnik. ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը պնդում է, որ դատավորների բարեվարքության ստուգման գործընթացն իրենից սկսվի։ Նա այս մասին ասաց այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ։

«Պնդում եմ, որ ԲԴԽ անդամները պարտադիր անցնելու են այդ բարեվարքության ստուգման գործընթացը, և գտնում եմ, որ այդ գործընթացը պետք է սկսել հենց ինձանից` որպես ԲԴԽ նախագահ»,– ասաց նա:

Թե երբ կսկսվի այդ ստուգումը, դեռևս անորոշություններ կան, քանի որ դեռ կարգավորումներն ընթացքի մեջ են, քննարկման փուլում են: Բայց ԲԴԽ նախագահը վստահ է, որ մոտ ժամանակներս դա լինելու է:

Վարդազարյանը չհամաձայնեց այս ընթացքում «նորացված կազմով» ԲԴԽ-ի հասցեին տարբեր քննադատների հնչեցրած բնորոշումներին, իսկ դրանցից մեկի վերաբերյալ էլ, թե «ծյունինգ արված ԲԴԽ կազմ է», նկատեց, որ առաջին անգամ է նման արտահայտություն լսում: Նրա համար անհասկանալի է նաև «իշխանություններին հարմար ԲԴԽ» ասվածը:

Քոչարյանի գործով կա երկուստեք ճնշման փորձ, բայց ոչ՝ ճնշում. ԲԴԽ նախագահ

Sputnik Արմենիան հետաքրքրվեց, թե այդ դեպքում ինչո՞ւ ԲԴԽ-ն չկանգնեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի կողքին:

«ԲԴԽ-ն իրականացնում է մի գործառույթ, ինչը չի նշանակում դատավորի կողքը կանգնել: ԲԴԽ-ն ապահովելու է և օժտված է ապահովել դատական իշխանության և դատավորի անկախությունը: Ես հասկանում եմ, որ դուք պաշտպանելը կամ ամեն գնով պաշտպանելը նկատի ունեք, բայց դա այդպես չէ: Ավելին ասեմ, բավարար հիմքեր են ներկայացվել ԲԴԽ-ին, և խորհուրդն ընդամենը թույլատրել է նախաքննություն իրականացնող մարմնին քրեական հետապնդում իրականացնել: Իսկ այն, որ նշեցիք, թե Դավիթ Գրիգորյանի լիազորությունները դադարեցվել են, ապա տեղյակ պահեմ, որ դա այդպես չէ: ԲԴԽ-ն լիազորությունները չի դադարեցրել, ընդամենը թույլ է տվել իրականացնել քրեական հետապնդում, իսկ օրենքի ուժով Դավիթ Գրիգորյանի լիազորությունները կասեցված են»,– ասաց ԲԴԽ նախագահը:

Նրա խոսքով` անկախություն ապահովելը չի նշանակում ամեն գնով թույլ չտալ, որ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնեն:

«Եթե ԲԴԽ-ն գտներ, որ սրանով ոտնահարվում է դատական իշխանության կամ կոնկրետ դատավորի անկախությունը, այլ որոշում կկայացներ»,– ասաց Վարդազարյանը:

«Դատավորների բարեվարքության» նոր օրենքը կապված է Քոչարյանի գործի հետ. փաստաբան

Sputnik Արմենիայի թղթակցի հարցին, թե նախաքննություն իրականացնող մարմնի կողմից դատավորի աշխատասենյակի խուզարկության հարցո՞ւմ էլ չպետք է հատուկ թույլտվություն լիներ, ԲԴԽ նախագահը պատասխանեց, որ նախաքննության մարմինը, կատարելով խուզարկություն Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում, իրականացրել է իր գործառույթը։

«Այլ հարց է, թե այդ գործառույթն իրականացնելու ընթացքում ինչպիսի գործողություններ են կատարել»,– ավելացրեց նա:

Վարդազարյանը նշեց, որ ԲԴԽ-ն արձագանքել է դատավորի աշխատասենյակի կապարակնքմանը և այն բանին, որ նրան թույլ չի տրվել օգտվել իր աշխատասենյակից: ԲԴԽ-ն իր մտահոգությունը հայտնել է նախաքննական մարմնին, ըստ որում՝ գրավոր:

«ՀՔԾ-ին հայտնել ենք մեր մտահոգության մասին, որ ԲԴԽ կարծիքով, կապարակնքումն ու աշխատասենյակ մուտք թույլ չտալը որոշակի չափով խախտում են դատավորի անկախությունը և այդ պրոցեսի նկատմամբ պետք է առավել ուշադիր լինել»,-նշեց Վարդազարյանը:

Սա առավելագույնն է քանի որ օրենսդրական այլ լիազորություն ԲԴԽ–ն չունի: Խախտումը արձանագրել են:

Լրագրողները հետաքրքրվեցին` ինչպիսին կլիներ Ռուբեն Վարդազարյանի դիրքորոշումը, եթե որևէ մարդու կամ քաղաքական գործչի կոչով մի խումբ քաղաքացիներ շրջափակեին ԲԴԽ շենքը և մի քանի ժամ կամ միգուցե մի քանի օր ԲԴԽ նախագահին ու անդամներին թույլ չտային մտնել աշխատավայր:

«Օրինականացվող գործարք» ՍԴ դատավորների համար, կամ իսկական ռումբ պետության տակ

«Իմ խորին համոզմամբ՝ արդարադատության նկատմամբ ցանկացած ճնշում դատապարտելի է: Եվ միտինգային, ամբոխային արդարադատությունը ինձ համար շատ անհասկանալի, անթույլատրելի է»,-ընդգծեց նա

Վարդազարյանն օրինակ բերեց ՊՊԾ գնդի գրավման գործով դատարանի մոտ գրանցված իրավիճակը, երբ ցույց էին անում ամբաստանյալներին աջակցողները և նրանց դատապարտումը պահանջողները:

«Ես մամուլում բազմիցս ասել եմ, որ սա ճնշում է դատարանի վրա: Եվ ԲԴԽ առջև էլ վերջերս փորձել են բողոքի ակցիա, միտինգի նման մի բան կազմակերպել: Գտնում եմ, որ այն դատարանը կամ այն դատավորը, որը արդարադատություն կիրականացնի՝ կախված դատարանի առջև կանգնած բողոքի ակցիայի քանակից, որակից, հնչեցրած բացականչություններից, այդ դատարանը կլինի սխալ: Չեմ ընդունում, որ դատավորը կարող է ամբոխի պահանջով արդարադատություն իրականացնել: Մենք 21-րդ դարում ենք գտնվում: Այդ Լինչի դատարան և այլ մեխանիզմները անընդունելի են»,- ընդգծեց ԲԴԽ նախագահը:

Հիշեցնենք, որ դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսվեց այն բանից հետո, երբ նա, հիմնվելով Արցախի ներկա ու նախկին նախագահների անձնական միջնորդության վրա, որոշում կայացրեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառվող խափանման միջոց կալանքը վերացնելու վերաբերյալ: