ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի — Sputnik. Սեպտեմբերի 6-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում կկայանա Ջուլիետա Ղուկասյանի մահվան գործով դատական առաջին նիստը։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Բարձրագույն դատական խորհրդի հասարակայնության հետ կապերի և արարողակարգի վարչության պետ Արման Խաչատրյանը։
Արդեն հայտնել էինք, որ 2018–ի դեկտեմբերի 2-ին ՌԴ 24-ամյա քաղաքացի, Գյումրու սահմանապահ զորամասի պայմանագրային զինծառայող Անդրեյ Ռազգիլդեևը դաժան ծեծի ենթարկելով սպանել է գյումրեցի 57-ամյա Ջուլիետա Ղուկասյանին։
«Ռուս զինծառայողի նկատմամբ հարուցված քրգործով առաջին դատական նիստը տեողի կունենա սեպտեմբերի 6–ին, ժամը 16։00–ին։ Դատական նիստը տեղի կունենա Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում։ Նիստը կնախագահի դատավոր Ադրինե Ղուկասյանը»,–ասաց Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ 2018 թվականի դեկտեմբերի 2-ին, ժամը 07-ի սահմաններում, ռուս զինծառայողը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, հետևել է փողոցում քայլող Ջուլիետա Ղուկասյանին, դիտավորությամբ բազմաթիվ հարվածներ հասցրել նրա գլխին և մարմնի տարբեր մասերին` պատճառելով ծանր մարմնական վնասվածքներ՝ անզգուշությամբ առաջացնելով մահ: Զինծառայողի նկատմամբ գործի նախաքննության ընթացքում որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը:
Ղուկասյանն աշխատում էր Գյումրու քաղաքապետարանում՝ որպես հավաքարար։