Ինչպես «Մոսկվան վրեժ լուծեց Երևանից», կամ ադրբեջանական մի ապատեղեկատվության պատմություն

Ադրբեջանական կայքերից մեկը, հղում անելով «Ռոսօբորոնէքսպորտի» ղեկավարին, հայտնել է, որ Հայաստանը Ռուսաստանից Սու-30ՍՄ ոչ մի ինքնաթիռ չի գնել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի – Sputnik. Դավիթ Գալստյան. Պարզվեց` «Մոսկվան վրեժ է  լուծել Երևանից` բացահայտելով ճշմարտությունը Սու-30–ի մասին» խորագրով ադրբեջանական հրապարակումը ապատեղեկատվություն էր։

Ռազմական անակնկալներ են լինելու. Տոնոյանը խոսեց Սու-30 ինքնաթիռների և սպառազինության մասին

Սեպտեմբերի 3–ին Axar.az կայքը, հղում անելով «Ռոսօբորոնէքսպորտի» ղեկավարի Ալեքսանդր Միխեևին, գրել է, որ «տեղեկությունը, որ Երևանը չորս հատ Սու-30ՍՄ է գնել, հաստատված չէ, հարցը քննարկվել է միայն լրատվամիջոցներում։ Հայաստանը Ռուսաստանից ավիացիայի ոչ մի մարտական մեքենա չի գնել։ Բանակի զինանոցում եղածը խորհրդային անցյալի մնացորդներն են, որոնք վաղուց պետք է որպես մետաղաջարդոն հանձնել»։

Sputnik Արմենիայի թղթակիցը դիմել է «Ռոսօբորոնէքսպորտին» այդ տեղեկությունը ճշտելու  նպատակով։ Գլխավոր տնօրենի մամուլի քարտուղար, «Ռոսօբորոնէքսպորտ» ԲԸ մամուլի ծառայության ղեկավար Վյաչեսլավ Դավիրդենկոն հերքել  է այն։

««Ռոսօբորոնէքսպորտ» ԲԸ–ի մամուլի ծառայությունը պաշտոնապես հերքում է ադրբեջանական ԶԼՄ–ներում հայտնված տեղեկությունը։ «Հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության վերաբերյալ Ռոսօբորոնէքսպորտ» ԲԸ–ի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխեևը պաշտոնական մեկնաբանություն չի տվել ռուսական կամ այլ լրատվամիջոցների», – հայտնեց Դավիդենկոն։

Ավելի վաղ  ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել էր ռուսաստանյան «Ռոսօբորոնոէքսպորտ» բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխեևի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել էին Ռուսաստանի Դաշնության կառավարության կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանը տրամադրած արտահանման վարկի, ինչպես նաև միջպետական այլ պայմանագրերով ռազմական նշանակության արտադրանքի ձեռքբերման ընթացքը:

Ինչ վերաբերում է վերոհիշյալ ինքնաթիռներին,  Տոնոյանն ասել էր, որ Երևանը մտադիր է 12 հատ Սու-30ՍՄ ռուսական կործանիչ գնել։ Ընդ որում` առաջին խմբաքանակը պետք է Հայաստան ժամանի 2019–ի վերջին, 2020–ի սկզբին։

2019–ի հունվարին Sputnik Արմենիան առաջինն էր հայտնել, որ Հայաստանն ու Ռուսաստանը բազմաթիրախ ինքնաթիռներ գնելու մասին պայմանագիր են կնքել ։ Իսկ արդեն 2019 թվականի ապրիլին նախարարը հայտնել էր, որ Հայաստանն արդեն մասամբ վճարել է Սու–30 ռուսական կործանիչների մատակարարման գործարքի համար։