Գյումրիում մեկ տարեկան երեխային սպանած մայրը կալանավորվեց

Նախքան երեխային սպանելը` երկու շաբաթ առաջ, մայրը, նրան մանկատուն հանձնելու փորձ էր արել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի — Sputnik. Գյումրիում դատարանը 1 տարեկան երեխայի սպանության մեջ մեղադրվող մորը կալանավորելու որոշում է կայացրել։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։

«Իր իսկ երեխայի սպանության մեջ մեղադրվող մայրը կալանավորվել է»,–նշեց նա։

Գյումրու աղբանոցում հայտնաբերված երեխայի մայրը փորձել է նրան մանկատուն հանձնել

Հիշեցնենք, որ Գյումրու Բուլվարային թաղամասի աղբանոցում օգոստոսի 31-ին 11 ամսական աղջիկ երեխայի դի էր հայտնաբերվել: Ժամը 19։00-ի սահմաններում Գյումրու Շիրակացու փողոցում ոստիկանները հայտնաբերել են երեխայի մորը և նրան բերման ենթարկել ոստիկանության Մուշի բաժին: ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի հատկանիշներով, այն է՝ սպանություն կատարելու կամ դրա կատարման կասկածանքով հարուցվել է քրեական գործ։

Sputnik Արմենիայի հետ զրույցում Շիրակի մարզպետարանի «Ընտանիքի, կանանց և երեխաների» բաժնի պետ Լիլիթ Գորգինյանը հայտնել էր, որ երեխայի մայրը օգոստոսի 15-ին դիմել էր Շիրակի մարզպետարան, որպեսզի երեխային մանկատուն հանձնի` այն պատճառաբանությամբ, որ չի կարողանում պահել նրան, քանի որ ամուսին, ծնողներ և մասնագիտություն չունի։ Սակայն մայրը հետո մտափոխվել էր։

Գյումրիում սպանված փոքրիկի պարանոցին կիսաշրջազգեստ է փաթաթված եղել. սարսափելի դեպքի մանրամասները