ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի — Sputnik.Հայաստանի առողջապահության նախարարությունը առաջիկա երկու ամսվա ընթացքում շրջանառության մեջ կդնի համապարփակ բժշկական ապահովագրության համակարգի ներդրման մասին նախագիծը։ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այս մասին ասաց այսօր լրագրողների հետ զրույցում։
«Եթե համեմատենք նախկին բոլոր բարեփոխումների հետ, սա ամենածավալունը կլինի։ Լայնածավալ հանրային լսումներ կանցկացվեն, քանի որ այս բարեփոխումը վերաբերում է բոլոր քաղաքացիներին։ Մենք նախատեսում են ստեղծել մի համակարգ, որում կներգրավվի բնակչության առավելագույն մասը», – նշեց Թորոսյանը։
Առողջապահության նախարարը չբացառեց, որ մի շարք քաղաքացիներ բյուջետային միջոցներով ապահովագրություն կստանան, իսկ մնացածը սեփական միջոցներով կգնեն։ Նախարարը նշեց, որ դեռ ամսական վճարումների վերաբերյալ վերջնական որոշում չկա, դրանց չափը կարող է տատանվել աշխատավարձի 2-6% տոկոսի չափով։
Նշենք, որ ավելի վաղ Թորոսյանը Facebook–ի իր էջում հարցում էր անցկացրել այն մասին`ինչպես է բնակչությունը վերաբերվում Հայաստանում համապարփակ բժշկական ապահովագրության պետական համակարգ մտցնելու գաղափարին, որն աշխատող բնակչությունից կպահանջի որոշակի ամսական վճարումներ աշխատավարձի 3-5% չափով՝ ի հավելումն եկամտահարկի, կընդգրկի տարիքային բոլոր խմբերը և կներառի պոլիկլինիկական, շտապ և հիվանդանոցային բուժսպասարկման հիմնական ծավալը և անվճար դեղորայք` մի շարք հիվանդությունների տնային պայմաններում բուժման համար։ Նրա հարցմանը մասնակցած մարդկանցից շատերը նշել էին, որ դա ֆինանսական հավելյալ բեռ կդառնա։
Առողջապահության նախարարն ավելի վաղ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել էր, որ մտադիր է համապարփակ բժշկական ապահովագրության համակարգ ներդնել 2021 թվականին։
Թորոսյանի նախկին խորհրդականը պահանջում է նրա հրաժարականը, նախարարը՝ կոչ անում շոու չսարքել