Ռոբերտ Քոչարյանն ուղերձ է հղել. «Արցախը կրկին կանգնած է դժվարին մարտահրավերների առաջ»

ՀՀ երկրորդ նախագահը նշել է` Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները, որոնք որոշակի բացասական արտացոլում են ստանում Արցախում, ինչպես նաև սպասվելիք ընտրական պայքարը չպետք է պառակտեն Ղարաբաղի ժողովրդին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի — Sputnik.Արցախի Հանրապետության Անկախության տոնի կապակցությամբ ԼՂՀ առաջին և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորական ուղերձ է հղել ԱՀ Նախագահ Բակո Սահակյանին ու արցախցիներին: Ուղերձը հրապարակվել է Facebook–ում։

«28 տարի առաջ մենք կատարեցինք պատմական ընտրություն: Իրականություն դարձնելով մեր ժողովրդի իղձերը՝ մեկ բռունցք դարձած Արցախը Անկախություն հռչակեց և հերոսաբար զենքով պաշտպանեց այն: Ջերմությամբ և հպարտությամբ եմ հիշում այն ժամանակը, երբ հնարավորություն ենք ունեցել միասին աշխատելու և պայքարելու հանուն հաղթանակի և անկախ պետականության կայացման»,– իր ուղերձում գրել է Քոչարյանը:

Նրա խոսքով` այսօր Արցախը կրկին կանգնած է դժվարին մարտահրավերների առաջ՝ չավարտված պատերազմի պայմաններում: Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները, որ իրենց որոշակի բացասական արտացոլումն են ստանում Արցախում, ինչպես նաև սպասվելիք ընտրական պայքարը չպետք է պառակտեն Ղարաբաղի ժողովրդին: Արցախի ռազմաքաղաքական վերնախավը, ըստ նրա, պետք է առավելագույն ջանքեր գործադրի, որպեսզի ներքաղաքական վայրիվերումները որևէ ազդեցություն չունենան երկրի ռազմական ներուժի, ազգային միասնականության ու հաղթանակի ոգու վրա, որ մշտապես հատուկ է եղել արցախցիներին:

Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել

«Վստահ եմ, որ հաղթանակած ժողովուրդն ու իր հերոսները չեն կարող ընկրկել որևէ մեկի, այդ թվում՝ ատելություն սերմանողի, պատմությունը խեղաթյուրողի ու ազգային արժեքների ոչնչացման կործանարար քաղաքականություն վարողի առջև»,–ասում է Քոչարյանը։

Նա ընդգծել է Արցախի նախագահ Բակո Սահակյանի առանձնահատուկ դերակատարումն Արցախի պետականության ամրապնդման գործում:

Հիշեցնենք` 1991 թվականի սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ պատգամավորների մարզային և Շահումյանի շրջանային խորհրդի համատեղ նստաշրջան, որի ժամանակ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին» հռչակագիր ընդունվեց։ Նույն թվականի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցավ հանրաքվե, որը հաստատեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Այդ օրը ԼՂՀ բնակչության 80%-ը մասնակցեց հանրաքվեին, որոնց 99%-ից ավելին քվեարկեց հօգուտ անկախության։