Մանվել Գրիգորյանի վիճակը ժամ ժամի վատանում է, բժշկական եզրակացությունը՝ ուշանում. պաշտպան

Նախկին պատգամավորի պաշտպանն ահազանգում է, որ միջգերատեսչական հանձնաժողովը դեռ հուլիսին հետազոտել է Գրիգորյանին, բայց մինչ օրս չի ներկայացրել իր եզրակացությունը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ ազգային ժողովի նախկին պատգամավոր, գեներալ– լեյտենանտ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակն ուսումնասիրող միջգերատեսչական հանձնաժողովն արձանագրել է, որ մեկ տարվա ընթացքում Գրիգորյանի առողջական վիճակում բացասական դինամիկա է գրանցվել, բայց մինչև հիմա հայտնի չէ հանձնաժողովի եզրակացությունը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը:

Մանվել Գրիգորյանի վիճակը ժամ ժամի վատանում է, բժշկական եզրակացությունը՝ ուշանում. պաշտպան

Հուլիսի 25-ին ՀՀ առողջապահության փոխնախարար Լևոն Հակոբյանի գլխավորությամբ բժիշկների փորձագիտական խումբն այցելել էր գեներալ Մանվել Գրիգորյանին հետազոտելու։

«Հանձնաժողովի որոշմամբ՝ Գրիգորյանին երկու օրով «Արմենիա» ԲԿ տեղափոխեցին, որպեսզի նրան հետազոտեն: Բժիշկներն արձանագրեցին, որ մեկ տարվա կտրվածքով նրա մոտ բացասական դինամիկա կա, ինչից հետո մինչ օրս անորոշ վիճակ է: Պարզ չէ, թե հանձնաժողովն ինչ եզրակացությունը կտա և երբ կտա այդ եզրակացությունը»,- ասաց պաշտպանը:

Նրա խոսքով՝ Գրիգորյանի առողջական վիճակը ժամ ժամի կտրվածքով վատանում է. նա արհեստական շնչառական սարքի օգնությամբ է շնչում, չի քայլում, քանի որ ոտքերը չի զգում: Պաշտպանը հայտնեց, որ բժիշկներն անում են ամեն ինչ, որ նրա վիճակը կայուն մնա, սակայն վերջին շրջանում Գրիգորյանի վիճակն ավելի է վատանում:

Մանվել Գրիգորյանը դժվարությամբ է տարբերում դեմքերն ու դեպքերը. փաստաբան

«Իրավական բեսպրեդել է Մանվել Գրիգորյանի գործի առնչությամբ: Թվում է՝ բոլոր հիմքերը կան, որ նրա խափանման միջոցը փոխվի, սակայն դատարանը նման որոշում այդպես էլ չի կայացնում: Այս ամենը խոսում է այն մասին, որ պաշտպանյալս ոչ միայն կալանք, այլ նաև պատիժ է կրում: Նրա նկատմամբ տոտալ խոշտանգում է իրականացվում»,-ասաց Բաղդասարյանը:

Նա նշեց նաև, որ Գրիգորյանի պաշտպանական կողմը, մի կողմ թողած իրավական գործառույթները, սկսել է ահազանգել, որ Գրիգորյանի կյանքին վտանգ է սպառնում: Նրանք բոլոր փաստերը հավաքում ու ՄԻԵԴ են ուղարկում։

Հիշեցնենք` ս.թ. հունիսի 6–ին Մանվել Գրիգորյանը ծայրահեղ ծանր վիճակով «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ–ից տեղափոխվել էր քաղաքացիական հիվանդանոց, որտեղ մինչ օրս բուժում է ստանում։

ՊԵԿ–ը ցանկանում է Մանվել Գրիգորյանի գույքը վաճառել աճուրդով

Գրիգորյանը մեղադրվում է 6 հոդվածով` ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ: Նրան մեղադրանք է առաջադրվել 2018 թ. հունիսի 19-ին։

«Ես չեմ կարա հավատամ, որ Օգանովսկին կրակելու հրաման տված լինի». Սեյրան Սարոյան