ՌԱԴԻՈ

Պողոսյան. «Անհամաձայնությունը չի նշանակում պառակտում»

Այսօրվա դրությամբ ունենք 28 տարվա կանգուն և ծաղկող Արցախ։ Արցախի անկախության 28–ամյակի առթիվ Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է արցախյան թեմային։
Sputnik
Պողոսյան. «Անհամաձայնությունը չի նշանակում պառակտում»

«Ապագայում` 200-300 տարի հետո, կլինի Արցախ, թե այդ ժամանակ կասենք Հայաստան, միևնույն է, ի վերջո չմոռանանք, որ մեր երազանքը` միացում, որևէ մեկը չի ջնջել, բայց, քանի որ ընտրել ենք ճանապարհ, որը պետք է անցնենք, ապա այդ ճանապարհը պետք է անցնենք պատվով: Այսօր ապագան էլ եմ տեսնում ծաղկուն»,- համոզված նշում է Թևան Պողոսյանը:

Հայաստանի ու Արցախի միջև ոչ ոք չի կարող սեպ խրել. Արարատ Միրզոյանը Ստեփանակերտում է

Մեր զրուցակիցը կարծում է, որ Արցախում արարող մեր բոլոր քույրերն ու եղբայրները երկիրը շենացնում ու կառուցում են, հետևաբար, իրենց պետք է նեցուկ կանգնենք, լինենք նրանց կողքին, ապահովենք միասնությունը: «Եթե ասում ենք, որ այսօր իսկապես Հայաստանի փրկությունը մեր միասնության ու անվտանգության ապահովման մեջ է, ապա այստեղ Արցախն ունի իր մասնաբաժինը:  Աշխարհում ապրող 10 միլիոն հայերը պետք է գիտակցեն, որ անհրաժեշտ է ամեն ինչ անել, որպեսզի Արցախը զարգանա, շենանա, գեղեցկանա, հզորանա»,–ընդգծում է Պողոսյանը:

Նրա կարծիքով՝ Արցախի ու Հայաստանի իշխանությունների մեջ տարաձայնություններ եղել են նաև անցյալում: Ապագայում էլ կարող է որոշ հարցերի շուրջ լինեն անհամաձայնություններ, բայց անհամաձայնությունը չի նշանակում պառակտում:

«Մենք բոլորս էլ կարող ենք հասկանալ, որ նպատակը նույնն է, բայց ճանապարհները կարող են տարբեր լինել: Խնդիրն այդ ճանապարհների ընտրության և գործողությունների շրջանակի մեջ է: Ամբողջ աշխարհում կա տարածված մի գեղեցիկ երևույթ, կլինի Հայաստանի և Արցախի, թե Հայաստանի կամ մեկ այլ երկրի միջև: Դա բանակցությունների ձևաչափն է: Պետք է բանակցել, նստել ու միասին քննարկել բոլոր հարցերը և գտնել համարժեք լուծումներ»,- ասում է Թևան Պողոսյանը:

Մեր զրուցակիցը հասկանում է, որ կա անցած ճանապարհի, մոտեցումների, տեղեկությունների, սերունդներին առնչվող տարբերություն, որ ամեն ինչի հիման վրա կարող են լինել տարաձայնություններ, ուստի չպետք է դրանից նեղվել, այլ անհրաժեշտ է գիտակցել, վերցնել հեռախոսը կամ հանդիպել, հանգիստ բանակցել ու գտնել լուծումներ: