ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատն (ՀԱԱՊ) ակնկալում է ներդրումների հանդեպ արդար մոտեցում և օրենքի կիրարկում: Այս մասին պալատը հանդես է եկել հայտարարությամբ` դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Նրանք դիմել են վարչապետին` ՀԱԱՊ-ի անդամ ընկերություն հանդիսացող «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի Ամուլսարի ծրագրի շուրջ ծավալվող երկարատև իրադարձությունների կապակցությամբ:
«ՀԱԱՊ-ն առաջատար բիզնես ասոցիացիա է, որը Հայաստանում հիմնադրվել է 2000 թ. և այժմ ներկայացնում է Հայաստանի տնտեսության գրեթե բոլոր ճյուղերում գործող ավելի քան 140 տեղական և օտարերկրյա ծագումով փոքր, միջին և խոշոր ընկերությունների շահերը: Համոզված ենք, որ ներդրումների նկատմամբ արդար և իրավաչափ վերաբերմունքը կարևոր է ոչ միայն ՀԱԱՊ-ի անդամ հանդիսացող տեղական և արտասահմանյան ընկերությունների, այլ նաև ՀՀ տնտեսության զարգացման համար»,–նշված է հայտարարության մեջ:
ՀԱԱՊ-ը կարևորում է հանքարդյունաբերության ոլորտում պրոֆեսիոնալ և անկողմնակալ աուդիտների իրականացումը, սակայն միևնույն ժամանակ տարակուսում, որ «Լիդիան Արմենիայի» կողմից իրականացվող ծրագիրը մինչ այժմ հանքարդյունաբերության ոլորտում միակ ծրագիրն է, որին պարտադրվել է 3 հաջորդական աուդիտ։ Իսկ դեպի ծրագրի տարածք տանող ճանապարհները, ըստ նրանց, շարունակում են անօրեն շրջափակված մնալ ավելի քան մեկ տարի:
Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանի նկատմամբ ծառայողական քննություն է սկսվել
«Ցավում ենք, որ նույնիսկ 3-րդ աուդիտի իրականացումից հետո, և այն պարագայում, որ Դուք հաստատեցիք «Լիդիանի» կողմից բնապահպանական բարձր ստանդարտներին համապատասխանելու փաստը, վերջինիս մուտքը դեպի ծրագրի տարածք դեռևս չի վերականգնվել։ Ավելին, քննարկվում է ևս մեկ՝ Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման իրականացման հնարավոր անհրաժեշտությունը»,–նշում են նրանք։
Միաժամանակ հայտնում են, որ ունեն նաև այն համոզմունքը, որ բիզնեսի նկատմամբ արդար և անաչառ վերաբերմունքը պետք է բացառի ընտրողական մոտեցումը, և պետության կողմից առաջադրված բոլոր պահանջները պետք է հավասարաչափ կիրառվեն ոլորտի բոլոր մասնակիցների նկատմամբ:
Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատը հայտնում է նաև, որ անհանգստացած են Ամուլսարի շուրջ արդեն իսկ մեկ տարի ծավալվող այս խնդրի բացասական ազդեցության հանգամանքով: «Այն միանշանակ բացասական ազդակներ է ուղարկում պոտենցիալ ներդրողներին և Հայաստանը դարձնում ներդրումների համար ոչ գրավիչ երկիր: Այն պարագայում, երբ պետությունը ջանքեր չի խնայում դեպի Հայաստան ներդրումներ ներգրավելու ուղղությամբ, պոտենցիալ ներդրողները ազդարարում են, որ ներդրում կատարած օտարերկրյա ընկերությունները Հայաստանում պաշտպանված չեն և արժանանում են անարդար վերաբերմունքի»,–նշում են նրանք:
Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատն ամփոփում է իր հայտարարությունը` նշելով, որ համոզված է` «Լիդիանի» Ամուլսարի ծրագրի շուրջ հետագա ձգձգումները խորացնելու են խնդիրը և կարող են կրել հարատև բնույթ՝ շարունակելով բացասական ազդեցություն ունենալ բիզնես միջավայրի վրա ու խաթարել երկրի ներդրումային գրավչությունը ապագա ներդրումների համար:
Հիշեցնենք` օգոստոսի 19–ին Facebook–ում ուղիղ եթերի ժամանակ ՀՀ վարչապետն ասել էր, որ Ամուլսարի հանքը կարող է գործարկվել, քանի որ «Էլարդ» ընկերության եզրակացության համաձայն` հավանական ռիսկերը կարող են ոչ էական լինել Սևանա լճի կամ Ջերմուկի ջրերի համար, եթե ընդունվեն կանխարգելիչ այն 16 միջոցները, որոնց մասին խոսվում է եզրակացության մեջ։ Դա բնապահպանների ու ակտիվիստների շարքերում բողոքի կտրուկ ալիք է բարձրացրել։Օգոստոսի 14-ին, վկայակոչելով նույն միջազգային փորձաքննության արդյունքները, Քննչական կոմիտեն հայտարարել էր, հանքի շահագործման դեպքում ՀՀ օդի, ջրի, հողի աղտոտման չափերն այնքան փոքր կլինեն, որ «չափելի չեն լինի»։ Կենսաբազմազանության վրա բացասական ազդեցության հիմքեր ևս չէին հայտնաբերվել։ Այս փորձաքննության հիման վրա քննչական խումբը եկել է այն եզրակացության, որ շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները դիտավորյալ թաքցնելու, հետևաբար և նախկին պաշտոնյաների նկատմամբ քրեական հետապնդման հիմքեր չկան։
Ջերմուկցիների կարծիքը չեն հարցրել. նախկին մարզպետն Ամուլսարի մասին գաղտնիքներ է բացում
Դրանից հետո հանքի շահագործման դեմ բողոքի ակցիաններն ավելի մեծ թափ հավաքեցին։ Բնապահպան ակտիվիստները հանդիպում ունեցան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Իսկ արդեն օգոստոսի 29–ին ՀՀ կառավարության որոշ անդամներ` վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ««Էլարդի» հետ Skype-կոնֆերանս ունեցան, որից հետո հայտարարվեց, որ կատարված փորձաքննություններն ու ՇՄԱԳ–ը բավարար չեն հանքն ապահով շահագործելու համար։
Ամուլսարի հանքշահագործման ծրագրի փորձաքննությունն իրականացրած «Էլարդի» փորձագետները հայտարարել են, որ ուսումնասիրությունն արվել է 2016թ–ին կազմված ՇՄԱԳ–ի ու «Լիդիան»–ի ներկայացրած փորձաքննությունների հիման վրա։