Դատարանը վերադարձրել է Հայկ Մարությանի հայցն ընդդեմ Սոնա Աղեկյանի

Հայկ Մարությանը հնարավորություն ունի Աղեկյանի դեմ ներկայացրած իր հայցադիմումի մեջ տեղ գտած խախտումները վերացնել ու եռօրյա ժամկետում կրկին դատարան ներկայացնել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի — Sputnik. Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթևիկ Ստեփանյանը հետ է վերադարձրել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հայցն ընդդեմ Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանի։ Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից։

Հայկ Մարությանը դատի է տվել Սոնա Աղեկյանին

Արդեն հայտնել էինք, որ Մարությանը դատի է տվել Աղեկյանին. Մարությանը պահանջում է, որ Աղեկյանն իր պատվին և արժանապատվությանը պատճառված վնասը հատուցի, ինչպես նաև հերքի ասածները։

«Առաջին ատյանի դատարանը վերադարձնում է հայցադիմումը, քանի որ չեն պահպանվել հայցադիմումի ձևին, բովանդակությանը և կից փաստաթղթերին ներկայացվող պահանջները»,– նշված է դատարանի որոշման մեջ։

Ի դեպ, Մարությանը հնարավորություն ունի հայցադիմումում թույլ տրված խախտումները վերացնել ու եռօրյա ժամկետում այն կրկին դատարան ներկայացնել։ Ավելին, նա կարող է նաև դիմումի հետ ուղարկման որոշումը բողոքարկել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան` այն ստանալուց հետո յոթնօրյա ժամկետում:

Երևանի քաղաքապետարանին դատի են տվել. ինչու՞ չեն հրապարակում «Սանիթեքի» պայմանագիրը

Օգոստոսի 9–ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Աղեկյանը պնդել էր, որ իրեն որևէ մեկը չի կարող համոզել, որ Երևանի քաղաքապետարանում կոռուպցիա չկա։ Ավելին՝ նա հայտարարել էր, որ կոռուպցիոն գործարքների մեջ է նաև քաղաքապետ Հայկ Մարությանը: