Տարաձայնությունները կվերանան, երբ Արցախում կանցկացվեն նոր, ժողովրդավարական ընտրություններ. Փաշինյան

ֆրանսիական Nouvelle d'Arménie ամսագրին տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է Հայաստանի ու Արցախի իշխանությունների հարաբերություններից:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի — Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իշխանության 500-րդ օրվա առիթով հարցազրույց է տվել ֆրանսիական Nouvelle d'Arménie ամսագրին:

Իմ ժառանգած ԼՂ բանակցային գործընթացը և միջազգային ընկալումը դառնացնում է ինձ. Փաշինյան

 Ի թիվս այլ հարցերի՝ Փաշինյանը պատասխանել է նաև Արցախի հետ հարաբերություններում նկատվող սառնության ու Արցախի իշխանությունների հետ տարաձայնությունների մասին հարցին:

«Կարծում եմ՝ կոռեկտ չէ ասել, թե Արցախի հետ մեր հարաբերությունները սառել են, քանի որ ամեն օր տասնյակ պաշտոնյաներ մշտական կապի մեջ են, աշխատում են միասին։ Պետք է հստակ նշել․Արցախի իշխանությունները երկար աշխատել են նախորդ կառավարության հետ՝ բոլոր հետեւանքներով, որ դա կարող էր ունենալ։ Այսօր Հայաստանում նոր իշխանություն է, եւ, բնական է, որոշակի հարցերում կա դիսոնանս։ Անհրաժեշտ է գործել այդ անհամաձայնությունները վերացնելու համար։ Լավագույն միջոցը դրան հասնելու՝ եկող տարի սպասվող խորհրդարանական եւ նախագահական ընտրություններն են Արցախում։ Այդ ընտրությունների արդյունքում, որոնք կլինեն ազատ եւ ժողովրդավարական, այդ անհամաձայնությունները դուրս կգան »,- պատասխանել է վարչապետը:

Ինչ կապ կա Փաշինյանի ելույթի, BBC-ի հոդվածի և ՀՔԾ-ի միջև. իրարանցման «արտաքին հետագիծը»

Փաշինյանը վստահեցրել է, որ Արցախի հետ Հայաստանի հարաբերությունները լավ են զարգանում, և որ բարելավումները Արցախում պետք է նույն կարգով եւ տեմպով լինեն, ինչ Հայաստանում։

«Միասնականությունը պետք է մարմնավորվի նախեւառաջ քաղաքական ու հանրային ներդաշնակությամբ։ Այժմ, անհրաժեշտ է հաստատել ներդաշնակություն քաղաքական ոլորտում, Հայաստանի եւ Արցախի միջեւ քաղաքական բովանդակության մեջ ես պետք է ասեմ, որ համոզված եմ՝ Հայաստանի եւ Արցախի հասարակությունները ներդաշնակության մեջ են, մնում է ներդաշնակեցնել կառավարման համակարգերը»,- ասել է վարչապետը:

Փաշինյանը շեշտել է, որ անցել են այն ժամանակները, երբ խնդիրները թաքցվում էին ու միայն կենացներ էին ասվում: Նա նշել է, որ այսօրվա իշխանությունները այսօր խոսում են ուղիղ, ամենայն անկեղծությամբ և գործում են: