Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ՀՀ դեսպաններին ուղղված հանձնարարականին, ըստ որի՝ դեսպանները պետք է նպաստեն ներդրումներ բերելուն:
Պողոսյանը նշում է, որ երբ պատգամավոր էր, Հովիկ Աբրահամյանի վարչապետության օրոք նրա ղեկավարած կառավարության նախընտրական ծրագրի հաստատման ժամանակ այդ մասին խոսք եղել է, և ինքը հարցադրում է արել, թե քանի՞ անգամ են ընդունելու դեսպաններին, եթե ներդրողներ բերեն Հայաստան, քանի՞ անգամ են վստահեցնելու, որ ներդրողներն այստեղ իսկապես խնդիրներ չեն ունենա:
«Սա մշտական գործընթաց է, ինչի մասին ասվում է նաև վարչապետի հանձնարարականում: Դեսպանները մեր երկրի շահերը պաշտպանող առաջին դեմքերն են այլ պետություններում, և իրենք պետք է ոչ միայն քաղաքական, այլև տնտեսական հնարավորությունները ներկայացնեն, փորձեն հասկանալ, թե ինչ զարգացումներ կան, ինչպիսի նոր տեխնոլոգիաներ, ներդրման հնարավորություններ կան, որոնք կարող են նպաստել մեր երկրի տնտեսական զարգացմանը»,- նշում է Թևան Պողոսյանը:
Ամեն դեսպան պետք է ներկայացնի, թե ինչպես կարող է նպաստել ներդրումներ բերելուն. Մնացականյան
Մեր զրուցակիցը վարչապետի հանձնարարականի մեջ զարմանալի որևէ բան չի տեսնում:Այլ խնդիր է, թե ինչպես է դա իրագործվելու: Ըստ նրա՝ աշխատանքի արդյունավետությունը պայմանավորված է այն հանգամանքով, թե տվյալ դեսպանը կարո՞ղ է արդյոք լավագույնս ներկայացնել մեր երկիրը, փորձել համոզել կամ ուղղորդել, որպեսզի կատարվեն ներդրումներ:
«Երբ ներդրողները գան` պետք է աշխատեն ներքին ինստիտուտների հետ: Այստեղ հարց է առաջանալու: Ծառայության բոլոր օղակները, որոնք պատասխանատու են, պետք է կարողանան այնպես սպասարկել, որպեսզի ներդրողները հանկարծ չգան նայեն ու հեռանան»,- նշում է Թևան Պողոսյանը:
Անդրադառնալով դեսպանատներում տնտեսական կցորդների ինստիտուտին՝ Թևան Պողոսյանը նշեց, որ կցորդների գործունեությունը կախված է տվյալ երկրի ռեսուրսների հնարավորություններից: Նրանք պետք է ճիշտ պատրաստված պրոֆեսիոնալներ լինեն: Ընդ որում՝ խոսքը միայն առևտրային կցորդներին ներգրավելու մասին չէ, այլ նրանք պետք է կարողանան նպաստել հայկական ապրանքների արտահանմանը դեպի այլ երկրներ: Նրա համոզմամբ՝ տնտեսական կցորդը չպետք է միակողմանի աշխատանք կատարի: Դրա համար էլ այդ ինստիտուտը շատ կարևոր է, ու դրա հետ մեկտեղ աշխատանքը կլինի նպատակային, եթե մեր երկրում լինի արտահանման մեծ ներուժ: Ամեն ինչ գնահատվելու է արդյունքով:
Եթե նախկինում եղել են թերացումներ, իսկ մեկ տարի անց նկատվի առաջընթաց, կնշանակի, որ մարդիկ ճիշտ են աշխատում, հակառակ դեպքում՝ կլինեն միայն գեղեցիկ խոսքեր, այլ ոչ թե պրոդուկտիվ աշխատանք:
Հուսամ, որ մեր ԱԳՆ-ն նույնպես կունենա իր անմիջական ներդրումն այս գործում, որովհետև այդ ամենն ապահովվում է պաշտոնական մայրաքաղաքի կամ կառավարության կողմից:
Եթե ներսում չկարողանանք ճիշտ աշատանք կատարել, եթե չնպաստենք առաջընթացին, ապա միայն դիվանագետներից պահանջելը, որ սարեր շրջեն, սխալ է»,- նշում է Թևան Պողոսյանը և հավելում, որ արտաքին քաղաքականությունն այնուամենայնիվ ներքինի շարունակությունն է: Եթե տնտեսությունը զարգանա ու լինի ներդրումների մեծ պոտենցիալ, ապա դիվանագետներն էլ ի զորու կլինեն այդ ամենը շատ լավ ներկայացնել արտասահմանում: