ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի — Sputnik. Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր` սեպտեմբերի 1-ին աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզ է այցելել:
Մարզային այցելությունը նախարարը սկսել է Նորաշեն համայնքից, որտեղ մասնակցել է նախակրթարանի բացմանը:
«Իմ այցը Գեղարքունիքի մարզ՝ պատահական չէ, քանի որ մենք այստեղ մի քանի նախակրթարան ենք այսօր բացելու, և առաջինը տեղի է ունենում Նորաշենում։ Նախակրթարանները մեր քաղաքականության մեջ կարեւոր տեղ ունեն եւ միանգամից 18 նախակրթարանի բացումն այդ տրամաբանության մեջ է»,-ասաց նախարարը:
Արայիկ Հարությունյանի խոսքով, Գեղարքունիքի մեկ այլ գյուղում` Զոլաքարում գործող երկու դպրոցում, միանգամից երկու նախակրթարան է այսօր բացվելու:
Կառավարության ծրագրով՝ մինչև 2024թ.-ը ՀՀ երեխաների առնվազն 70 տոկոսը պետք է նախակրթարան հաճախելու հնարավորություն ունենա:
Երեխաներին` սնունդ, փողոցներին` լույս. Հայաստանի Տավուշի մարզը գեղեցկանում է
Այս նախակրթարանները կառուցվել են Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ և նախատեսված են 50 երեխայի համար:
Ի դեպ, հիշեցնենք, որ սեպտեմբերի 1-ի առիթով վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս այցելել է Գեղարքունիքի մարզ: Այսօր նա տիկնոջ հետ եղել է Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Վահան գյուղում, մասնակցել օրվա միջոցառմանը, շրջել դպրոցում: