Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է Բակո Սահակյանին

Արցախի նախագահ Բակո Սահակյանը նշում է իր ծննդյան 59-ամյակը։ Նրան շնորհավորական ուղերձներ են հղում Հայաստանի և Արցախի ներկա ու նախկին պաշտոնյաները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի — Sputnik. Արցախի նախագահ Բակո Սահակյանին 59-րդ տարեդարձի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել նաև ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Ռոբերտ Քոչարյանն իր շնորհավորական ուղերձում նշել է.  «Մեծարգո՛ պարոն նախագահ, ի սրտե շնորհավորում եմ Ձեզ ծննդյան տարեդարձի առթիվ: Մաղթում եմ քաջառողջություն, տոկունություն և արգասաբեր աշխատանք՝ ի բարօրություն Արցախի Հանրապետության ժողովրդի»:

«Դուք հասել եք հաջողության». Արմեն Սարգսյանը շնորհավորել է Բակո Սահակյանին

Նշենք, որ այսօր Բակո Սահակյանին շնորհավորել են նաև ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը։

Հիշեցնենք` Մարտի 1-ի գործով կալանավորված ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի համար 2019թ.–ի մայիսի 14-ին ԼՂՀ նախկին և ներկա նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը կալանքից ազատելու երաշխավորագիր ներկայացրին դատարան։ Մայիսի 18-ին դատարանը՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, որոշեց Քոչարյանին ազատ արձակել։

Հունիսի 25–ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը որոշում կայացրեց կրկին կալանավորել Արցախի նախկին և ներկա նախագահների անձնական երաշխավորությամբ ազատ արձակված Ռոբերտ Քոչարյանին, իսկ նրա և մյուսների վերաբերյալ գործի վարույթը կասեցնելու առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշումը բեկանել և գործն ուղարկել նոր քննության։