«Իմ քայլից» կրթաթոշակ է ստացել նաև Հրայր Թովմասյանի դուստրը. վարչապետի տիկնոջ արձագանքը

Վարչապետի տիկնոջ հիմնադրամը 2019-2020 ուսումնական տարվա համար ստացել է 90 դիմում, որոնցից 37-ը մերժվել է:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հիմնադրամի աջակցությամբ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի թոռնիկը՝ կրտսեր Լևոն Տեր-Պետրոսյանը կսովորի Լոնդոնի համալսարանական քոլեջի տնտեսագիտության բաժնում:

«Իմ քայլը» հիմնադրամի գործունեությունն ու ծրագրերը քննարկել են Սարգսյանն ու Հակոբյանը

Այսօր՝ օգոստոսի 30-ին, Մաշտոցի անվան մատենադարանում վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի ղեկավարած «Իմ քայլը» հիմնադրամը կրթաթոշակների հավաստագրեր հանձնեց աշխարհի առաջատար ուսումնական հաստատություն ընդունված ուսանողներին:

Ի թիվս 53 այլ ուսանողների՝ կրթաթոշակի հավաստագիր ստացավ նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի թոռը՝ Լևոն Տեր-Պետրոսյանը:

Նշենք, որ Աննա Հակոբյանն իր Facebook-յան էջում անդրադարձել է լրատվամիջոցների կողմից այս փաստն առանձնացնելուն:

«Անիմաստ է այստեղ որեւէ այլ ենթատեքստ փնտրելը։ Կրթաթոշակ տրվում է այն ուսանողներին, ովքեր համապատասխանում են հիմնադրամի սահմանած հստակ չափանիշներին եւ հաղթահարում են պրոֆեսիոնալներից կազմված անկախ հանձնաժողովի «քննությունը»»,-գրել է վարչապետի տիկինը՝ նշելով, որ անցյալ տարի էլ «Իմ քայլը» հիմադրամից կրթաթոշակ է ստացել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դուստրը: Գրառմանը կից Աննա Հակոբյանը տեղադրել է լուսանկար, որտեղ Թովմասյանի դուստրն է՝ Կալիֆոռնիայի համալսարանի իրավագիտության դպրոցի ավարտական միջոցառմանը:

Նշենք, որ վարչապետի տիկնոջ հիմնադրամը 2019-2020 ուսումնական տարվա համար ստացել է 90 դիմում՝ աշխարհի տարբեր համալսարաններ ընդունված երիտասարդներից: Հաշվի առնելով նախօրոք հայտարարված չափորոշիչներն ու առաջնահերթությունները՝ հաստատվել է 53 դիմորդի հայտ: