ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի — Sputnik. ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանը վայր է դնում իր մանդատը։
Այս մասին նա հայտարարել է Facebook սոցիալական ցանցի իր էջում։
«Որոշումը բացառապես իմն է, պարտադրված կամ հրահրված չէ որևէ մեկի կողմից: Պատճառները մաքուր անձնական տիրույթում են: Քաղաքականությամբ զբաղվող անձը պիտի օժտված լինի քաղաքականությամբ զբաղվելու համար անհրաժեշտ որակներով: Խորապես հավատացած եմ, որ ինձ մոտ այդ որակներից մի քանի կարևորագույնները բացակայում են, ինչն ինձ անհամատեղելի է դարձնում այդ գործունեության հետ»,–գրել է պատգամավորը` նշելով, որ երկար մտորումներից հետո է այս որոշումը կայացրել:
Առաքելյանը ներողություն խնդրել այն մարդկանցից, որոնց համար իմ այս քայլը հիասթափության կամ այլ բացասական զգացողությունների տեղիք կտա:
«Հատուկ ևս մեկ անգամ շեշտում եմ, որ սա անձնական որոշում է` դեմարշ չէ Ամուլսարի հանքի հնարավոր շահագործման, Ստամբուլյան կոնվենցիայի հնարավոր վավերացման կամ որևէ այլ գործընթացի դեմ, թեև ժամանակային առումով գուցե համընկնում է դրանց հետ: Սա որևէ կերպ քայլ չէ ընդդեմ «Իմ քայլի», որի մի մասնիկը լինելու պատիվն եմ ունեցել վերջին ամիսներին: Հայտնի ուժերին և նրանց խամաճիկներին խորհուրդ եմ տալիս անտեղի չոգևորվել, քանի որ դրա հիմքերը ուղղակի չկան»,–գրել է պատգամավորը:
«Իմ քայլը»` դժվար կացության առաջ. ոչ ոք չի ուզում ԲԴԽ անդամ դառնալ. «Ժողովուրդ»
Նա նշել է, որ որպես ՀՀ շարքային քաղաքացի շարունակելու է սատար կանգնել հեղափոխական թիմին:
Առաքելյանը նաև տեղեկացրել է, որ կշարունակի զբաղվել նրանով, ինչով մինչև արտահերթ խորհրդարանական ընտրությունները. կվերադառնա ՏՏ ոլորտ, որով, ըստ նրա, ավելի մեծ օգուտ կբերի երկրին: