«Դպրոցական իրարանցում», կամ ինչ կարժենա սեպտեմբերի 1-ը ծնողների համար

Հագուստի գները խանութներում բավականին բարձր են, ուստի դպրոցահասակ երեխաների ծնողները հաճախ անհրաժեշտ ապրանքները ձեռք են բերում տոնավաճառներից:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի — Sputnik, Աստղիկ Սուքիասյան. «Դպրոցական իրարանցումն» արդեն նկատելի է մայրաքաղաքի  բոլոր խանութներում և տոնավաճառներում. ծնողները շտապում են սեպտեմբերի 1-ի առթիվ գնումներ կատարել: Sputnik Արմենիայի թղթակիցը որոշել է պարզել, թե Երևան, Հրազդան և Աբովյան քաղաքներում ծնողների համար որքան կարժենա կրտսեր և միջին դասարանների երեխաներին դպրոց ուղարկելը:

Անցկացված  սոցհարցման  և տոնավաճառների գնացուցակների ուսումնասիրման  արդյունքում պարզ է դարձել, որ շարքային հայ ընտանիքի բյուջեն մեկ երեխա դպրոցի պատրաստելու համար կնվազի միջինը 70 000 դրամով:

Որքա՞ն գումար կպահանջվի. դասագրքերի գները հայտնի են

Որպես կանոն, ժամանակակից երեխաները պահանջկոտ են և  չեն ցանկանում հետ մնալ համադասարանցիներից:

«Տղայիս ուզած Lego (օրթոպեդիկ) պայուսակը,  պատվիրել եմ օնլայն խանութից 49.000 դրամով, մինչդեռ նույն պայուսակը մոլերում արժե 150.000 դրամ: Վերջերս նկատեցի, որ զեղչել են 50 տոկոս և պայուսակն այժմ արժե 75 000 դրամ»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասում է մի դպրոցական տղայի մայր, որը չցանկացավ ներկայանալ և հավելում, որ կարող էր նաև 10.000-15.000 դրամանոց պայուսակ գնել, սակայն մի քանի օր անց շղթան կփչանար: 

6-7 տարեկան տղա երեխաների  համար շատ կարևոր է, որ իրենց պայուսակի վրա պատկերված լինի սիրված մուլտհերոսը կամ նախընտրելի  ֆուտբոլային թիմը, իսկ աղջիկների համար սիրելի են մնում  Barby-ն, Winx-ի փերիները կամ Hello Kitty-ն: Հարցումը ցույց է տվել, որ ծնողների մեծամասնությունը, թեև փորձում է հակազդել երեխաների ցանկությանը, բայց, այնուամենայնիվ, մեծամասամբ  գնում են զիջման:

Հրազդանի և Աբովյանի տարբեր տոնավաճառներում դպրոցական պայուսակներ կարելի է ձեռք բերել նվազագույնը 8000 դրամով, իսկ Երևանում`  նվազագույնը 10.000 դրամով:

Պայուսակում պետք է լինեն տետրեր, օրագիր, գրչատուփ, գրիչներ, մատիտներ, ռետիններ և այլ գրենական պարագաներ: 12-էջանոց տետրը կարելի է ձեռք բերել միջինը 60 դրամով: Պահանջվում են նաև ընդհանուր տետրեր, որոնց արժեքը 150 դրամ է (40 էջ) և 350 դրամ (96 էջ) : Պետք է ձեռք բերել գրքերի կազմեր (1 հատը` 150 դրամ), ինչպես նաև տետրերի կազմեր (1 հատը` 20 դրամ):

Հագեք ինչ ուզում եք ու փող չհավաքեք. քաղաքապետարանը զգուշացրել է դպրոցների տնօրեններին

Գրենական պիտույքների գները, սեզոնային գործոնով պայմանավորված, բարձրացել են։ Գրչատուփերի գինը տատանվում է 500-1500 դրամի սահմաններում, օրագիրը` 150-1400 դրամի, տարբեր գրիչների հավաքածուն` 350-800 դրամ սահմաններում։ Գունավոր մատիտներ կարելի է ձեռք բերել 250-1200 դրամ ունենալու դեպքում, քանոններ և ռետիններ` 80- 500 դրամ, մկրատ` 200-500 դրամ, գունավոր թղթեր` 100-600 դրամ, իսկ պլաստիլին` 200- 650 դրամ ունենալու դեպքում։ Կոպիտ հաշվարկներով` 2000 մինչև 7000 պետք է ունենալ գրենական պիտույքներ ձեռք բերելու համար։

Գոնե սեպտեմբերի 1–ին աշակերտներն ու նրանց ծնողները նախընտրում են սպիտակ վերնաշապիկ, սև կամ կապույտ անդրավարտիք կամ կիսաշրջազգեստ կրել ու անպայման` նոր։ Սպիտակ վերնաշապիկ Երևանի տոնավաճառներից կարելի է ձեռք բերել միջինը 5000-8000 դրամով, վերնաշապիկին փոխարինող սպիտակ բլուզը՝ նվազագույն  3500 դրամով: Տաբատներն  արժեն 9.000-15.000 դրամ, իսկ  կիսաշրջազգեստները՝  միջինը 5000- 10 000 դրամ: Տղա երեխայի կոշիկները կարելի է գնել միջինը 7500 -10 000 դրամով, իսկ աղջիկներինը՝ 8 000-15.000 դրամով: Աղջիկների գուլպաները և ներքնազգեստը միասին ծնողի վրա միջինը կնստեն 7000 դրամ:

«Ես այս տարի 5 դպրոցական  երեխա ունեմ և ծախսել եմ 200.000 դրամից ավելի»,-ասում է բազմազավակ հայրիկն ու հոգոց հանում:

Երեք դպրոցահասակ դուստրերի մայրն ասում է, որ դժվարությամբ, բայց ամեն տարի էլ նոր շորեր գնում են և հավելում, որ հագուստը որակ չունի, մի քանի անգամ լվանալուց հետո էլ հագնել չի լինում:

Աշակերտները կազատվե՞ն ծանր պայուսակից ու դրա հետևանքներից. 48 դասագիրք երկհատորանի կլինեն

Մեկ ուրիշ մայրիկ էլ ասում է, որ այսօրվա երեխաների հետ ավելի դժվար է: «Փոքր աղջիկս ամեն ինչ ինքն է ուզում ընտրել: Մեծ աղջիկներս այդպիսին չէին: Դպրոցն ավարտեցին բարեկամներիս ուղարկած կամ նվիրած հագուստով: Իսկ կրտսերս ամեն ինչի նորն է ուզում: Ստացածս ընդամենը 55.000 դրամ է»,- ասում է աղջկա ձեռքը բռնած մայրիկը՝ արժանանալով դստեր դժգոհ ու նեղացած հայացքին:

Հայաստանի դպրոցների ուսուցիչների համար երաշխավորված նվազագույն աշխատավարձ կսահմանվի

Նույն պատկերն ունենք Հրազդանում: Հարցվածները նշել են, որ մեկ երեխային դպրոց ուղարկելու համար  ծախսել  են ամսական միջին եկամտի մոտ 40 տոկոսը: Հրազդանցիները դժգոհում են, որ երևանցիներից ավելի քիչ եկամուտ են ստանում, բայց ուսումնական ապրանքները գնում են գրեթե նույն գներով, ինչ Երևանում։

Ի տարբերություն Երևանի, Հրազդանում կան հարցվածներ, ովքեր նոր ուսումնական տարվա գնումների որոշ մասն անում են կանխիկով, մյուս մասը՝ պարտքով վերցնում՝ պարտավորվելով տարվա ընթացքում մաս-մաս վճարել։

Աբովյանի տոնավաճառներում համեմատած գներն ավելի մեղմ են. վերոնշված հագուստը կարելի է ձեռք բերել հետևյալ գներով. վերնաշապիկ 3000-5000 դրամ, տաբատ 7000-12000 դրամ, կիսաշրջազգեստ 5000-8000 դրամ, կոշիկներ 6000-10000 դրամ:

Հաշվի առնելով, որ ՀՀ-ում նվազագույն աշխատավարձը 55.000 դրամ է, կարելի է միայն  պատկերացնել, թե քանի երեխա է  «պարտքով» դպրոց գնալու:

Հայաստանում 10 000 ուսուցիչ կրճատվել չի կարող. Խաչատրյանը` ուսուցիչների դեֆիցիտի մասին

Մինչ դպրոցականները ուրախ պատրաստվում են նոր  ուսումնական տարվան, ծնողները զգուշորեն  հաշվում են ընտանեկան բյուջեին հասցված վնասները:

Վերջապես, ինչ սեպտեմբերի  1 առանց ծաղկեփնջի և շնորհավորանքների: Իսկ մեր երկրում, սովորաբար, նման օրերին ծաղիկների ու ծաղկեփնջերի գներն աճում են` չնայած ավելի լայն սպառմանը։ Այնպես որ, գոնե 5000 դրամ գումարեք ձեր նախատեսած ծախսին`սեպտեմբերի մեկն ավելի գեղեցիկ դարձնելու և ձեր բալիկին գիտելիքներ տվող ուսուցչին ծաղկեփնջով շնորհավորելու համար։