«Արժանի խաղ էր»․ Սամվել Կարապետյանը՝ «Արարատ-Արմենիա»-«Դյուդելանժ» հանդիպման մասին

«Արարատ-Արմենիա» ակումբի սեփականատերը շնորհակալություն է հայտնել ֆուտբոլիստներին հաղթանակի ձգտելու համար, իսկ երկրպագուներին՝ աջակցության։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի — Sputnik. «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ և «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Սամվել Կարապետյանը «Դյուդելանժ» - «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային խաղի մասին խոսելիս ընդգծել է երևանյան թիմի համախմբվածությունը և միասնությունը։

Կարապետյանի խոսքով՝ չնայած, որ հաղթանակին չի հերիքել մեկ գոլ, թիմը դրսևորել է իրեն բարձրագույն մակարդակում՝ ցուցադրելով համախմբվածություն և համառություն։

«Միասին հասանք այստեղ, եկեք միասին էլ շարունակենք». «Արարատ-Արմենիայի» գլխավոր տնօրեն

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել խաղացողներին և մարզչական կազմին պայքարի և հաղթանակի ձգտելու համար։ Արժանի խաղ էր։ Իմ երախտիքի հատուկ խոսքերը բազմաթիվ երկրպագուներին, որոնք աջակցում էին մեր ֆուտբոլիստներին և մեր երկրին», - ասել է նա։

Կարապետյանը նաև նշել է, որ հիմա Հայաստանն ունի ազգային թիմ, որով երկիրը կարող է հիրավի հպարտանալ։ Նա հույս է հայտնել, որ ակումբն առջևում շատ նոր ձեռքբերումներ կունենա։

Հիշեցնենք` Եվրոպայի լիգայի խաղարկության «փլեյ օֆ»-ի պատասխան խաղում «Արարատ-Արմենիան» Լյուքսեմբուրգում պարտվեց «Դյուդելանժին» խաղի հիմնական ու լրացուցիչ ժամանակում ՝ 1:2 հաշվով: Դիմակայությունում հաղթողը որոշվեց 11 մետրանոց հարվածաշարով, որտեղ ավելի հաջողակ էր մրցակիցը:

Նշենք, որ  «Դյուդելանժ»-«Արարատ- Արմենիա» պատասխան հանդիպումը դիտելու համար Լյուքսեմբուրգ էին մեկնել թիմի սեփականատեր, ռուսահայ գործարար Սամվել Կարապետյանը, ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը և «Գազպրոմ Մեդիա Հոլդինգ»-ի ժամանցային հեռուստաալիքների սուբհոլդինգի ղեկավար Արթուր Ջանիբեկյանը։