ՌԱԴԻՈ

Հակոբյան. «Ստամբուլյան կոնվենցիան, ի տարբերություն Ամուլսարի, ավելի մեծ կրքեր կբորբոքի»

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է Ամուլսարի հանքի և Ստամբուլյան կոնվենցիային առնչվող հարցերին
Sputnik

 

Քաղտեխնոլոգը վկայակոչում այն իրողությունը, որ Էջմիածինն ու Անթիլիասը համապատասխանաբար նույն բովանդակությամբ հայտարարություններով հանդես եկան Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ:

«Կարծում եմ` իշխանությունն այս աշնան  համար համապատասխան ռեսուրս չունի, որպեսզի փորձի մի քանի ճակատով ոչ պոպուլյար որոշումներ ընդունել: Նույնիսկ ամռան ընթացքում, երբ քաղաքական կյանքը համեմատաբար հանգիստ է, տեսանք, թե ինչպիսի կրքեր բորբոքվեցին, օրինակ, Ամուլսարի խնդրի շուրջ: Ամեն դեպքում հասկանալի է, որ իշխանությունը ստիպված է լինելու վերոհիշյալ խնդրի շուրջ վերջնական որոշում ընդունել»,- նշում է Վիգեն Հակոբյանը:

Ազգային ժողովում Ստամբուլյան կոնվենցիան շուտ չի քննարկվի. Վենետիկից պատասխանի են սպասում

Քաղտեխնոլոգի կարծիքով՝ յուրաքանչյուր որոշում հղի է որոշակի ռիսկերով հենց նույն իշխանության համար: Եվ այս ֆոնին վտանգավոր է շատ ավելի մեծ հնչեղություն ունեցող հարցերի անդրադառնալ: Նրա համոզմամբ՝ Ամուլսարի խնդիրը, Ստամբուլյան կոնվենցիայի համեմատ, կարող է մանկական խաղ թվալ:

«Իշխանությունը շատ հստակ հասկացավ, որ այդ թեմայի մեջ մտնելը հղի է լուրջ հասարակական ընդվզումներով, ինչը կարող է տրոհումներ առաջացնել նույնիսկ իշխանական թևերի մեջ: Սա միայն օրենսդրական հարց չէ, այլ լուրջ քաղաքական հաշվարկի խնդիր է, որովհետև առկա է ճնշում արտաքին դաշտից՝ որպես պարտադրված որոշում»,- ասում է Վիգեն Հակոբյանը: 

Ամուլսարը մտել է իշխանության «մատի ու մատանու արանքը». ի՞նչ է կատարվում «Իմ քայլում»

Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ քաղտեխնոլոգը նշում է, որ մանավանդ սոցցանցերում կազմակերպվեց յուրատեսակ PR արշավ՝ տարաբնույթ, նույնիսկ սարսափելի պատմություններով, որպեսզի տպավորություն ստեղծվեր, թե դա ամենաակտուալ հարցերից մեկն է հայկական իրականության մեջ: Հակոբյանի կարծիքով՝ սա նաև «զոնդաժ» էր, թե որքանով է հայաստանյան հասարակության իմունիտետը բթացել:

«Բարեբախտաբար, հայ ազգի մոտ իմունիտետը պահպանվել է: «Զոնդաժը» ցույց տվեց, որ այս պահի դրությամբ սին են այն հույսերը, որ հայաստանյան հասարակությունը պատրաստ է օտարածին ներմուծվող երևույթներին: Սա նաև մասնագիտական շրջանակների կողմից իրականացված ագրեսիվ, ճիշտ ու գրագետ հակաքարոզչության արդյունք էր: Կարևորվեց նաև Հայ Առաքելական եկեղեցու հստակ դիրքորոշումն ու շիտակ խոսքը»,- նշում է Վիգեն Հակոբյանը:

Նա նկատում է, որ երբ հակազդեցություն է լինում նման հոսանքներին, կազմակերպվում են հակընդդեմ PR ակցիաներ, ստորագրահավաքներ ու իրականացվում են համապատասխան գործողություններ, ապա այդ դեպքում մեր հասարակության զգալի մասը բացասաբար է տրամադրվում երկրում «հեղափոխություններ» իրականացնելուն: