ՀՀ արտաքին քաղաքականության մեջ չկա հակասություն մեր արժեքների և շահերի միջև. Մնացականյան

ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարներն Ազգային ժողովում են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի — Sputnik. Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ չկան հակասություններ մեր արժեքների և շահերի միջև, քանի որ թե՛ շահերն են մերը, թե՛ արժեքները։ Այս մասին այսօր Ազգային ժողովում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։

Մենք չենք հավատում, որ հնարավոր է մի ձեռքով բանակցել, մյուսով` կրակել. Զոհրաբ Մնացականյան

Նշենք, որ այսօր ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ամենամյա համաժողովի մասնակիցներն Ազգային ժողովում են։ Նրանք հանդիպում են պատգամավորների հետ:

«Երբեմն կարծիքներ են հնչում, որ արտաքին քաղաքականություն իրականացնելիս` արժեքների վրա հիմնվելը կաշկանդում է օրվա կենսական շահերի իրականացումը։ Կուզենայի ընդգծել, որ չկան հակասություններ մեր արժեքների և շահերի միջև։ Մեր շահերը բխում են մեր արժեքներից»,–ասաց նախարարը։

Փաշինյանի ասածը սխալ եք հասկացել. Զոհրաբ Մնացականյան
Նրա խոսքով` համաժողովի ժամանակ ամրագրվել են ՀՀ արտաքին քաղաքականության 3 հիմնական ուղղությունները, որոնց կիրառմամբ պետք է միջազգային ասպարեզում հետապնդեն Հայաստանի և հայ ժողովրդի արժեքներն ու շահերը։ Այդ սկզբունքներն են` ինքնիշխանությունը, համահայկականությունը և փոխգործակցությունը։

Մենք ձախողել ենք Ցեղասպանության ճանաչման գործում. Զոհրաբ Մնացականյան
Մնացականյանը հայտնեց նաև, որ օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարներն այս ընթացքում կհանդիպեն նաև գործարար շրջանակների հետ, կհյուրընկալվեն գինեգործների մոտ, կայցելեն Գյումրի և Արցախ։