ԱԱԾ–ն ՊԵԿ–ից Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ փաստաթղթեր է պահանջել

ՊԵԿ նախագահն իր նախկին պաշտոնակցի նկատմամբ հարուցված քրեական գործի մասին այսօր զրուցել է լրագրողների հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի — Sputnik. Ազգային անվտանգության ծառայությունը ՊԵԿ նախկին նախագահ, Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի նկատմամբ հարուցված քրեական գործով որոշ փաստաթղթեր է պահանջել ՊԵԿ ներկա ղեկավարությունից։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին հայտնեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։

Լեգե՞նդ, թե՞ իրականություն. ինչ է հայտնի Գագիկ Խաչատրյանի ունեցվածքի մասին

«Մեկնաբանություն չեմ կարող տալ, բնականաբար, քրեական գործ կա հարուցված։ Ընդ որում, քրեական գործի նախաքննությունն իրականացնող մարմինը` ԱԱԾ–ն, կարծում եմ որոշակի քննչական գործողությունների արդյունքում ինչ–որ փաստեր է բացահայտել։ Այդ թվում` ՊԵԿ–ից ինչ–որ փաստաթղթեր են պահանջել, ստացել։ Այդ փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում, միգուցե քննչական մարմինն այդպիսի հետևություն է արել»,– ասաց Անանյանը։

ՊԵԿ նախագահը հստակեցրեց, որ ԱԱԾ–ին տրամադրած  փաստաթղթերը վերաբերում են տարբեր տնտեսվարող սուբյեկտների գործունեությանը։

Թե կոնկրետ ինչ տվյալներ, ու, որ թվականներին վերաբերող տեղեկություններ է պահանջել ԱԱԾ–ն, Դավիթ Անանյանը հրաժարվեց հայտնել։

Գագիկ Խաչատրյանի դեմ քրգործով 800 միլիոն դրամի վերականգնում է եղել. մանրամասներ

Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանը ձերբակալվել էր օգոստոսի 27-ին` իրեն պատկանող տարածքներում ԱԱԾ–ի կատարած խուզարկությունից հետո։

Գագիկ Խաչատրյանը կասկածվում է առանձնապես խոշոր չափերի վատնման և պաշտոնեական դիրքի չարաշահման մեջ: ԱԱԾ–ից հայտնել էին, որ Խաչատրյանին պատկանող տարածքներում տեղի ունեցած խուզարկությունն իրականացվել է դեռևս 2019թ–ի փետրվարի 2-ին հարուցված քրեական գործի շրջանակներում։ Ի դեպ, խուզարկություններ էին կատարվել ինչպես Գագիկ Խաչատրյանի, այնպես էլ վերջինիս հետ փոխկապակցված մի շարք անձանց առանձնատներում և բնակարաններում, այդ թվում` ՀՀ ՊԵԿ նախկին բարձրաստիճան պաշտոնյա, Խաչատրյանի եղբորորդու` Կարեն Խաչատրյանի տանը։