ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի — Sputnik. Եթե ասում են նոր Հայաստան է և բան է փոխվել, ապա թող հղում չանեն «Անասնաֆերմա» ստեղծագործությանը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ԱԺ–ի նոր ղեկավարությանն այսպիսի խորհուրդ տվեց ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արսեն Բաբայանը` մեկնաբանելով խորհրդարանի նախագահի՝ մամուլին տված մեկնաբանությունը։
ԱԺ նախագահի խորհրդական Վահան Կոստանյանը, պատասխանելով ԱԺ նախագահի հրամաններն ԱԺ կայքում չհրապարակելու մասին հարցին, ասել էր, որ դա նախկինից ժառանգված իներցիա է։
«ԱԺ աշխատակազմը, գլխավոր քարտուղարությունն իներցիայի ուժով շարունակում էր նույնն անել»,– ասել էր նա։
ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավարն այս հայտարարությունը հերքում է։
«Ինչ ուզեն՝ կարող են ասել, իրենց ասածների արժեքն իրենց գործողություններով է չափվում, որ թույլ են տալիս մասսայական խախտումներ։ Եթե նույնիսկ նախկինում չի հրապարակվել՝ նախկինում դա երբևէ վեճի առարկա չի դարձել։ Բոլոր նրանք, որ պիտի իրազեկվեին, ծանոթանային, իրազեկված են եղել, ծանոթ են եղել, և դրա համար որևէ բողոք չի եղել»,– ասաց Արսեն Բաբայանը` մեկնաբանելով, որ իրավական ակտերի հրապարակման տարբեր եղանակներ կան։ Այն ակտերը, որոնք լոկալ են և վերաբերում են միանգամից մի քանի աշխատակիցների, հրապարակվել են կայքում։ Կան նաև ակտեր, որոնք ուժի մեջ են մտնում ծանուցմամբ, երբ աշխատակցին անձամբ հանձնվում է իրավական ակտի օրինակը, որի վրա նա գրում է՝ ծանոթացա։
«Կան ակտեր, որոնց մասին ծանուցվել է, և կան ակտեր, որոնք հրապարակել ենք»,– ասաց Բաբայանը։
Ինչ վերաբերում է աղմուկ հանած փաստաթղթին, ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավարը գտնում է, որ նման իրավական ակտն ուղղակի չի կարող գոյություն ունենալ. այն վաղ թե ուշ պիտի չեղարկվեր, ինչը և արվել է։
Օգոստոսի 26-ին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը կարգադրություն էր ստորագրել, որով վերացրել էր հուլիսին ստորագրած՝ ԱԺ աշխատակազմի մի շարք աշխատակիցներին աշխատանքից ազատելու մասին իր նախորդ կարգադրությունները։
Իսկ նախապատմությունը հետևյալն էր. հուլիսի 9-ին ուժի մեջ էր մտել ԱԺ նախագահի` ԱԺ նոր աշխատակազմի հաստիքացուցակը հաստատելու կարգադրությունը։ Այս իրավական ակտը, սակայն, հրապարակվել էր ուժի մեջ մտնելուց օրեր անց` հուլիսի 13-ին։ Բացի այդ, նոր հաստիքացուցակն, ըստ կարգադրության, պետք է ներկայացված լիներ կից հավելվածով։ Բայց հավելվածը շարունակում էր չհրապարակված մնալ։
«Սա արդեն խախտում է։ Հավելվածն իրավական ակտի անբաժանելի մասն է ու չի կարող կես–կես հրապարակվել,– ասաց Արսեն Բաբայանը։
Հետո, երբ Աժ աշխատակազմի դժգոհությունը դուրս եկավ խորհրադարանի շենքից, ԱԺ ղեկավարությունը փորձեց շտկել սխալը` որոշման մեջ «հավելված» բառի վրա ակտիվ հղում ավելացնելով, որտեղ արդեն հնարավոր էր գտնել նոր հաստիքացուցակը։ Բայց ողջ խնդիրն այն էր, որ հավելվածը դրվել էր օգոստոսի 27–ի ամսաթվով։
Սրանով, Արսեն Բաբայանի որակմամբ, ԱԺ ղեկավարությունը գործն ավելի «փչացրեց»։
«Որովհետև չի կարող իրավական ակտի կեսը հուլիսի 13-ին հրապարակվի, ուժի մեջ մտնի հուլիսի 9-ին, և չի կարող իրավական ակտի կեսը հրապարակվել հուլիսի 13-ին, մյուս կեսը` օգոստոսի 27-ին»,– ասաց Բաբայանը` տեղի ունեցածը որակելով «պաշտոնեական կեղծիք»։
Օգոստոսի 26-ին բարձրացած աղմուկից ու քննադատությունների ալիքից հետո ԱԺ նախագահն ի վերջո չեղարկեց իր 2 կարգադրությունները, որոնցով աշխատանքից ազատել էր ԱԺ աշխատակազմի վարչության պետերին ու հանձնարարել ԱԺ աշխատակազմի ղեկավարին՝ վերացնել բոլոր այն հրամանները, որոնք կապ ունեն այդ հաստիքների հետ։
Ազգային ժողովում Ստամբուլյան կոնվենցիան շուտ չի քննարկվի. Վենետիկից պատասխանի են սպասում
Այսպիսով, երկար պայքարից հետո ԱԺ բոլոր նրանք այն աշխատակիցները, ովքեր առանց օրինական հիմքի ուղարկել էին կադրերի ռեզերվ, վերադարձան իրենց աշխատանքին։ Թե որքան ժամանակով, հայտնի չէ, քանի որ ԱԺ նախագահի խորհրդականը հայտարարել էր, որ կկազմվի նոր հաստիքացուցակ` այս անգամ օրենքի տառի պահպանմամբ։