Moody"s–ն ու Հայաստանը. ինչ կտա վարկանիշի բարձրացումը երկրին և հասարակ քաղաքացուն

Տնտեսագետ, խորհրդարանական հանձնաժողովի փոխնախագահ Արտակ Մանուկյանը գնահատել է Moody"s միջազգային գործակալության վարկանիշի նշանակությունը Հայաստանի տնտեսության զարգացման համատեքստում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի — Sputnik, Աշոտ Սաֆարյան.Հայաստանի վարկային սանդղակի բարձրացումն արտացոլում է տնտեսության մեջ  2018 թվականի վերջին և այս տարեսկզբին արձանագրած դրական միտումները։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ, «Իմ քայլը» իշխող կուսակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը` անդրադառնալով  Moody"s միջազգային գործակալության սանդղակում Հայաստանի զբաղեցրած նոր վարկանիշը։

Հայաստանում փոքր բիզնեսը կարող է վարկեր ստանալ ավելի թափանցիկ պայմաններով

Տևական դադարից հետո Moody"s  գործակալության սանդղակում առաջին անգամ բարձրացրել է Հայաստանի վարկային ցուցանիշը։ Կառավարության վարկանիշը (երկարաժամկետ էմիտենտի վարկանիշը ազգային և արտարժույթում և պետական պարտքի վարկանիշը արտարժույթում) բարձրացել է B1–ից մինչև Ba3` կայուն կանխատեսմամբ։ Հայաստանն այդ վարկանիշում բարձրացել է հուսալիության 6-րդ մակարդակից 5-ի։

Ինչպես նշեց Մանուկյանը, վարկանիշի բարձրացման արդյունքը հնարավոր կլինի զգալ, երբ Հայաստանը նոր պարտատոմսեր թողարկի։ Միևնույն ժամանակ տոկոսադրույքները կնվազեցվեն, ինչը կհանգեցնի երկրի ներսում վարկային տոկոսադրույքների նվազմանը։

Տնտեսագետի կարծիքով` գործակալության կողմից վարկանիշի բարձրացումը Հայաստանի նկատմամբ միջազգային վարկատուների վստահության կարևոր գործոն է, որը վկայում է երկրի ֆինանսական կայունության մասին։

«Հայաստանում 1000 դոլարը հեշտությամբ կդառնա 10 000». բլոգեր Nas Daily–ի նոր կոչը

Նշենք, որ  Moody"s  վարկանիշը համաշխարհային ֆինանսական շուկայում երեք առանցքային վարկանիշներից մեկն է (Fitch–ի և S&P–ի հետ համատեղ)։ Այդ վարկանիշներով աշխարհում գնահատում են պետության սեփական արժեթղթերի համար վճարելու կարողությունը, հետևաբար` երկրի տնտեսական կայունությունը, ներդրումների համար նրա գրավչությունը։ Այդ վարկանիշներին ուշադրություն է դարձնում և՛ արտասահմանյան բիզնեսը, և՛ համաշխարհային ֆոնդային բորսաներում աճուրդների մասնակիցները։

Հայկական դրամի կշիռն աճում է. ազգային արժույթով տրամադրվում է վարկերի շուրջ 50%–ը

Պատգամավորի խոսքով` Հայաստանը ներդրումային գրավչության առումով  մոտեցել է հարևան Վրաստանի և Ադրբեջանի մակարդակին։ Դա լավ ազդակ է արտաքին ներդրողների համար։

«Եվ որն ամենակարևորն է, Moody"s–ի զեկույցում խոսվում է Հայաստանի մակրոտնտեսական կայունության մասին։ Դա կարևորագույն չափանիշներից մեկն է, որոնք հաշվի են առնում երկրի տնտեսության մեջ պոտենցիալ ներդրումները։ Մակրոտնտեսական կայունությունը խոսում է նաև  Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացման և միջնաժամկետ հեռանկարում ՀՆԱ–ի  5-6% սպասվող տարեկան աճի մասին», – ասաց Մանուկյանը։

Այնուամենայնիվ, Հայաստանը դեռ աշխատելու տեղ ունի, որպեսզի լիարժեք մրցի հարևանների հետ ներդրումների գրավման առումով։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մեկնաբանելով Moody"s միջազգային վարկային կազմակերպության նոր վարկանիշը, ընդգծել էր, որ դա կարևոր իրադարձություն է, որը խոսում է հանրապետության ներդրումային գրավչության աճի մասին։