ՈւԵՖԱ–ն պարգևավճարներ է տալիս եվրագավաթներին մասնակցող ակումբներին` Չեմպիոնների և Եվրոպայի լիգաների մրցաշարային աղյուսակներում հետևողականորեն առաջ անցնելու համար։ Sputnik Արմենիան հաշվարկել է, թե որքա՞ն գումար է մինչ այժմ ստացել «Արարատ–Արմենիան», որին Եվրոպայի լիգայի խմբային փուլից մեկ քայլ է բաժանում, և որքա՞ն կարող է ստանալ «եվրագոտում» իր խաղերով պայմանավորված։
ՈւԵՖԱ–ի պաշտոնական կայքում հնարավոր է գտնել ֆինանսական ամբողջ տեղեկությունը։ Անկախ նրանից, որ եվրոպական ասոցիացիան կոնկրետ չի նշում, թե ինչպես է բաշխվում եկամուտը 2019/20 խաղաշրջանի Չեմպիոնների և Եվրոպայի լիգաների մասնակիցների միջև, որպես հիմք կարելի է ընդունել նախորդ տարվա թվերը. վերջին շրջանում ՈւԵՖԱ–ն վերանայում է դրույքաչափերը երեք տարին մեկ։
Դիտարկենք երեք տարբերակ. «զրոյական», որը հիմնվում է նրա վրա, ինչին ակումբն արդեն հասել է, այն է` փլեյ–օֆ փուլի խաղերը, առաջին` ենթադրում ենք, որ ակումբը կանցնի խմբային փուլ, երկրորդ` ենթադրում ենք, որ նա դուրս կգա խմբից։
Զրոյական տարբերակ
Չեմպիոնների լիգայի առաջին փուլը ակումբին 280 հազար եվրո է բերել Չեմպիոնների Լիգայի գներով։ Մերոնք զիջել են շվեդ չեմպիոնին և հետագայում արդեն հաշվարկվում են Եվրոպայի Լիգայի դրույքաչափերը։
ԵԼ երկրորդ և երրորդ նախընտրական փուլերը «Արարատ–Արմենիային» համապատասխանաբար 260 և 280 հազար եվրո են բերել (պետք է նշել, որ պարգևավճարները ՉԼ–ում զգալիորեն բարձր են)։
Եթե «Արարատ–Արմենիան» չանցնի խմբային փուլ, ակումբին փլեյ–օֆին մասնակցելու համար 300 հազար եվրո է հասնում։
Այդպիսով, ակումբը եվրոպական խաղադաշտում ելույթ ունենալու համար 1 մլն 120 հազար եվրո կստանա։
Առաջին տարբերակ
Դիցուք` «Արարատ–Արմենիան» անցնում է խմբային փուլ և դրա շրջանակում 6 հանդիպում ունենում։
Խմբային փուլին մասնակցելու համար 2 մլն 620 հազար եվրո է հասնում։ Այդպիսով, եթե մեր ակումբը նույնիսկ խմբային փուլում ոչ մի միավոր չվաստակի, ապա նրա ընդհանուր եկամուտը հավասար կլինի 3 մլն 440 հազար եվրոյի (այդ դեպքում արդեն 300 հազարը չի ստանա, որը նախատեսված է միայն փլեյ–օֆ փուլից դուրս մնացածների համար)։
Եվ այսպես, եթե «Արարատ–Արմենիան» խմբային փուլում ոչ մի միավոր չհավաքի (կպարտվի բոլոր խաղերում), ապա կունենա 3 մլն 440 հազար եվրո։
Երկրորդ տարբերակ
Ինչպես արդեն ասել էինք, խմբային փուլում յուրաքանչյուր հաղթանակ թիմին 570 հազար կբերի, ոչ–ոքին` 190 հազար։ Ենթադրենք, որ «Արարատ–Արմենիան» դուրս է գալիս խմբային փուլից` 3 հաղթանակ, 1 ոչ–ոքի և 2 պարտություն ունենալով։
Խմբային փուլում կուտակած յուրաքանչյուր միավոր 190 հազար արժե, իսկ յուրաքնաչյուր հաղթանակ` 570 հազար։ Ստացվում է` նման արդյունքի (թող որ ֆանտաստիկ) դեպքում, մերոնք լրացուցիչ 1 մլն 710 հազար կվաստակեն հաղթանակների համար և 190 հազար` ոչ–ոքիի դեպքում։
Նախնական փուլ` 820 հազար։
Խմբային փուլ դուրս գալու համար` 2 մլն 620 հազար։
3 հաղթանակ ունենալու դեպքում` 570 հազար * 3 = 1 մլն 710 հազար։
1 ոչ–ոքի` 190 հազար։
1/16 եզրափակիչ դուրս գալը` 500 հազար։
Ընդամենը` 5 մլն 840 հազար եվրո
Այդ արդյունքին պետք է ավելացնել ևս մի փոքր գումար, որը ստացվում է չօգտագործված միջոցներից (190 հազար եվրո յուրաքանչյուր ոչ–ոքիից), որոնք հաղթանակների քանակից կախված համաչափ բաշխվում են խմբային փուլին մասնակցած ակումբների միջև։
Այդպիսով, մասնակցությունը Եվրոպայի Լիգայի 1/16 եզրափակչում «Արարատ–Արմենիա» ակումբի համար գնահատվում է մոտավորապես 6 մլն եվրո։
Իսկ հետագայում գները հետևյալն են`
մասնակցություն 1/8 եզրափակչին` 1.1–ական մլն եվրո
մասնակցություն 1/4 եզրափակչին` 1.5–ական մլն եվրո
մասնակցություն 1/2 եզրափակչին` 2.4–ական մլն եվրո
Մասնակցություն եզրափակչին` 4.5–ական մլն եվրո
Հաղթողը լրացուցիչ 4 մլն եվրո է ստանում։
ՈւԵՖԱ–ի Սուպերգավաթին մասնակցած ակումբները կստանան 3.5-ական մլն եվրո։ Հաղթողը լրացուցիչ ևս մեկ մլն կվաստակի։