Որ երկրների հետ Հայաստանը պետք է զարգացնի հարաբերությունները․ ԱԳ նախարար

Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը նշել է այն երկրները, որոնց հետ համագործակցությունը հետաքրքիր և կարևոր է Հայաստանի համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի–Sputnik. «Արժևորելով մեր համագործակցության հարաճուն զարգացումը ԵՄ անդամ երկրների հետ՝ կառանձնացնեի Ֆրանսիայի և Գերմանիայի հետ հարաբերությունների ծավալը»։ Այս մասին այսօր ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը ԱԳՆ կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ամենամյա համաժողովին։

Հայաստանի արտգործնախարարը Ռուսաստանի հետ կապերը գերակա է համարում

Եվրոպական գործընկերների հետ Հայաստանի համագործակցության համատեքստում նախարարն ընդգծել է նաև Կիպրոս-Հայաստան-Հունաստան եռակողմ ձևաչափի ձևավորումը։

Հայաստանի համար հարաբերություններ զարգացնելու առաջնահերթության մասին խոսելիս` Արևելյան Ասիայի երկրներից Մնացականյանն առանձնացրել է Չինաստանը, Հնդկաստանը և Ճապոնիան, իսկ Մերձավոր Արևելքի երկրներից՝ Եգիպտոսը, Լիբանանը, Իրաքը և Սիրիան։

«Մեր երկու անմիջական հարևանի՝ Վրաստանի և Իրանի հետ հարաբերությունները խարսխված են բարիդրացիության, բազմադարյա պատմական փորձի վրա և ունեն կարևոր նշանակություն տարածաշրջանային անվտանգության և զարգացման համար», - տարածշրջանային առաջնահերթությունների մասին խոսելիս` նշել է Մնացականյանը։ Նա հավելել է, որ այդ երկու երկրների հետ համագործակցության զարգացումը նպաստում է էներգետիկ և տրանսպորտային փոխկապակցվածության ընդլայնմանը և դիվերսիֆիկացմանը։

Անդրադառնալով Ամերիկայի Միացյալ Նահանգներին՝ Մնացականյանը կարևորել է Հայաստանին անկախության առաջին տարիներից ի վեր Միացյալ Նահանգների ցուցաբերած տնտեսական և ֆինանսական աջակցությունը։

Հայաստանի արտաքին քաղաքականության երեք հիմնարար սկզբունքները. նախարարը բացում է փակագծերը

Լատինական Ամերիկայի երկրներից նախարարն առանձնացրել է Արգենտինայի, Ուրուգվայի, Բրազիլիայի և Մեքսիկայի հետ հարաբերությունները։

Վկայակոչելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Վիետնամ և Սինգապուր կատարած այցերը՝ Մնացականյանը կարևորել է նաև խաղաղօվկիանոսյան երկրների հետ Հայաստանի հարաբերությունները։ Ամփոփելով՝ արտգործնախարարը հիշեցրել է Հայաստանի՝ Եթովպիայի մայրաքաղաք Ադիս Աբեբայում դիվանագիտական ներկայացուցչություն բացելու մտադրության մասին, ինչի շնորհիվ կամրանան ոչ միայն Հայաստանի և Եթովպիայի կապերը, այլև նոր համագործակցություններ կլինեն Հայաստանի և Աֆրիկա մայրցամաքի այլ երկրների միջև։