Անկախ հետազոտող, փորձագետ Վազգեն Գևորգյանը Sputnik Արմենիայի «Մութ անկյուն» հաղորդման շրջանակում անդրադարձել է Սյունիքի մարզի Հալիձոր գյուղի մոտ, անտառի թավուտում գտնվող քարե հուշարձաններ պարունակող պատմամշակութային տարածքի պատմությանն ու ճակատագրին։
Վերոհիշյալ բնակավայրը, որը մինչև հիմա չունի հնագիտական հուշարձանի կարգավիճակ, կարող է ճանաչվել մոլորակի ամենահին բնակավայրերից մեկը, սակայն անհանգստության առիթ է դարձել պատմամշակութային ժառանգության ոչնչացման վտանգը։ Ոմանք որոշ ժամանակ առաջ ցանկացել են այդ տարածքում իրականացնել հողահարթեցման աշխատանքներ ու կառուցել ռեստորանային համալիր։
Տարիներ առաջ այդ տարածքում շինարարության փորձ է արվել, սակայն ՀՀ մշակույթի նախարարության աշխատակիցները կանխել են այն։
«Ո՞վ կցանկանա, որ իր պապական գերեզմանի վրա քաբաբնոց կառուցվի։ Սա իսկապես անհանդուրժելի է։ Բնակավայրը, որը թվագրվում է մ.թ.ա 4–րդ հազարամյակով, հնագիտական հուշարձանի կարգավիճակ չունի, իսկ դա նշանակում է, որ այն չի պահպանվում պետության կողմից։ Խնդիրը բարդանում է նրանով, որ տեղի իշխանություններն ուղղակի փոխել են տարածքի կարգավիճակը անտառային տնտեսությունից՝ գյուղատնտեսականի, ինչը թույլ կտա այն վարձակալության հիմունքներով տալ մասնավոր անձի»,– նշում է Վազգեն Գևորգյանը։
Այդուհանդերձ, անկախ հետազոտողին հաջողվել է որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ, որպեսզի տարածքին տրվի պատմամշակութային հնավայրի կարգավիճակ։ Թղթաբանությունն ընթացքի մեջ է, և գերատեսչությունում լավատեսորեն են տրամադրված։ Շուտով կընդունվի դրական որոշում։
Ռեստորան հնագույն բնակավայրի տեղում. Սյունիքի իշխանությունները կկարողանա՞ն լուծել խնդիրը
Հալիձորին կից պատմամշակութային տարածքում արդեն եղել են հետազոտող գիտնականներ Գրեմ Հենքոկը, Ալեքսանդր Տրոֆիմովը, Ելենա Գիենկոն և ուրիշներ։ Այդ տարածքի մասին նկարվել են ֆիլմեր և ռեպորտաժներ։