«Կարծում եմ` արդեն միացել է այս իշխանության հեռանալու հետհաշվարկի ժամացույցը». Շահնազարյան

Քաղաքական գործիչ Դավիթ Շահնազարյանը Sputnik Արմենիայի «Հակահարված» հաղորդման շրջանակում խոսում է իշխանության բացթողումների և սխալների մասին և դրանցից առանձնացնում վտանգավորները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի — Sputnik. Ամուլսարի հանքավայրի շահագործել-չշահագործելու հարցում ներքին տարակարծություններն այս փուլում չեն բերի իշխանության տապալման: Sputnik Արմենիային տված հարցազրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքական գործիչ Դավիթ Շահնազարյանը: Բայց դրա հետ մեկտեղ, վարչապետ Փաշինյանը կանգնել է մի շարք խնդիրների առաջ:

Դավիթ Շահնազարյանն ընդգծում է, որ Հայաստանում իշխանությունը հիմա մեկ անձ է`ի դեմս վարչապետ Փաշինյանի: Եվ ահա այդ իշխանությունը, ինչպես կարծում է մեր զրուցակիցը, լրջագույն հանցագործություն է կատարում պետության դեմ՝ չկարողանալով որոշում ընդունել Ամուլսարի հարցում:

Ժամանակն այս պահին Փաշինյանի համար շատ ավելի ոսկի է, քան նույն Ամուլսարը. այցի մյուս երեսը

«Տևական ժամանակ, հիմա արդեն մեկ տարուց ավելի է, ինչ Ամուլսարը փակված է, չի գործում, իսկ իշխանությունը անընդհատ փորձում է, ինչպես մյուս բոլոր հարցերում, խուսափել պատասխանատվությունից և լուծում չտալ: Անկեղծ ասեմ` ինձ համար ակնհայտ էր, որ կառավարությունը կամ Փաշինյանը որոշելու է բացել Ամուլսարը»,-ասում է Շահնազարյանը ու հավելում, որ իր այդ ամբոխահաճությունը, պոպուլիզմը, որն իր քաղաքական գործունեության հիմքն է, ուղղորդող բաղադրիչը, հանգեցրեց այս վիճակին:

Հիշեցնելով անցյալ տարվա ապրիլին Նիկոլ Փաշինյանի հնչեցրած խոստումները՝ փակել Ամուլսարը, զրոյացնել վարորդների տուգանքները և այլն, Շահնազարյանը նկատում է, որ հիմա Փաշինյանը կանգնել է մի խնդրի առաջ, որ նույնիսկ այն շերտերը, որոնք իրեն պաշտպանել էին Ամուլսարի հարցով ընդվզեցին: «Սա այսպես կոչված հեղափոխության ներքին խնդիրն է: Ինչպես ուզում են, այնպես էլ թող լուծեն: Ակնհայտ է, որ Ամուլսարը բացվելու է»,-ասում է Շահնազարյանը:

Նրա կարծիքով` Ամուլսարի հարցը այլ կազմակերպություններ օգտագործելու են Փաշինյանի վրա ճնշում գործադրելու և որոշակի դիվիդենտներ ստանալու համար, հասկանալի է` ըստ իրենց շահերի:

Կառավարությունը փորձում է իշխել, բայց չի կառավարում երկիրը. Դավիթ Շահնազարյան

Ժողովուրդը, ինչպես նկատում է Շահնազարյանը, վաղուց է սկսել էյֆորիայից դուրս գալ. «Իսկ նման հարվածներ դեռ շատ է տանելու իշխանությունը, որովհետև Փաշինյանը դեռևս մնացել է 2018 թ.-ի ապրիլի 22-ի վիճակում: Բայց ինքը շատ լավ հասկանում է նաև, որ այն սատարումը, որն ուներ լայն զանգվածների կողմից, հիմա չկա»,–կարծում է Շահնազարյանը:

«Կարծում եմ` արդեն միացել է այս իշխանության հեռանալու հետհաշվարկի ժամացույցը». Շահնազարյան

Դավիթ Շահնազարյանի դիտարկմամբ՝ հասարակությունն իսկապես սկսել է արթնանալ, և դա ամենամեծ վտանգն է Փաշինյանի իշխանության համար. «Ես կարծում եմ, որ արդեն միացվում է այս իշխանության հեռանալու հետհաշվարկի ժամացույցը: Արդեն այն միացվել է»:

Ազգային անվտանգության պատասխանատու պետական կառույցը ժամանակին ղեկավարած գործիչը անհանգստանալու հիմնավոր պատճառներ է տեսնում մեկ այլ առումով ևս, որ Փաշինյանի կառավարությունը, ընտրությունները դիտարկելու պատրվակով, օտարերկրյա գրանտային սնուցմամբ սորոսական կազմակերպություններ է մտցնում Արցախ, ըստ որում, դրա համար նրանց հատկացնելով հարկատուների միջոցները: Խոսքը Դանիել Իոաննիսյանի «Իրազեկ քաղաքացիների միավորում» և հակակոռուպցիոն «Թրանսփարենսի ինթերնեշնլ» կազմակերպություններին կառավարության պահուստային ֆոնդից 33,6 մլն դրամ հատկացնելու մասին է:

Լևոն Մնացականյան, Արշավիր Ղարամյան. ինչու են Արցախում ուժայիններն իշխանության վերադառնում

Դավիթ Շահնազարյանը նաև նկատում է, որ օրինակ` նույն «Թրանսփարենսի ինթերնեշնլ» կազմակերպությունը, որ հակակոռուպցիոն նպատակադրումներ է հետապնդում, այս ընթացքում ոչինչ չի ասել Նիկոլ Փաշինյանի կառավարության մեջ կոռուպցիոն երևույթների վերաբերյալ: «Դա այն դեպքում, երբ նախորդ բոլոր կոռուպցիոն մեխանիզմները պահպանվել և զարգացվել են, բացի դրանից, առնվազն 3 նոր կոռուպցիոն մեխանիզմ է ստեղծել Փաշինյանը»,-նշում է զրուցակիցը` որպես նոր կոռուպցիոն մեխանիզմ հիշատակելով վարչապետի տիկնոջ նախաձեռնած հիմնադրամները, որոնք համարում է փակ և անթափանց կառույցներ:

Ասել կուզի, որ գործ ունենք այսպես կոչված «նոմենկլատուրային քաղհասարակության» երևույթի հետ: Մյուս կողմից, Դավիթ Շահնազարյանը ուշադրություն է հրավիրում «Բաց հասարակության հիմնադրամներ» կամ Սորոսի հիմնադրամների հայաստանյան կառույցի ղեկավարի արած հայտարարությանը, որ իրենք ակտիվորեն աջակցել և օժանդակել են տեղի ունեցած իշխանափոխությանը: «Սա ուղղակիորեն դրսի միջամտություն է Հայաստանի ներքաղաքական կյանքին»,–ասում է քաղաքական գործիչը: Նա կարծում է, որ սրան պետք է շատ խիստ գնահատական տալ, ընդհուպ՝ արգելել կազմակերպության գործունեությունը Հայաստանում, հաշվի առնելով, թե ինչ ուղղություն են տանում այդ կազմակերպությունները։