Պատմության մեջ առաջին անգամ հայ մարզիկը դարձել է վորքաութի աշխարհի չեմպիոն

«Հայ Բրյուս Լին» առաջին տեղն է զբաղեցրել մրցումներում, որոնց մասնակցել են աշխարհի 18 երկրների ներկայացուցիչներ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի - Sputnik. Հայ մարզիկ Ահարոն Վիրաբյանը, որին Ռուսաստանում անվանում են «հայ Բրյուս Լի», դարձել է վորքաութի աշխարհի չեմպիոն։ Նա գլխավոր մրցանակ է տարել մրցումներում՝ առաջ անցնելով Ռուսաստանի և Լեհաստանի մարզիկներից։

Գինեսի գրքի ռեկորդակիրը հաղթանակը նվիրեց Ղարաբաղում զոհված տղաներին

Վորքաութի աշխարհի ուժային առաջնությունն առաջին անգամ տեղի է ունեցել Պսկովում՝ օգոստոսի 24-ին։ Առաջնությանը մասնակցել է ավելի քան 50 մարզիկ՝ աշխարհի 18 երկրից։ Մրցումներն ընթացել են երկու փուլով՝ ուժի և դիմացկունության։ Դրանց մասնակցել են ոչ միայն տղամարդիկ, այլ նաև կանայք։

Վիրաբյանը ելույթ է ունեցել «Ուժային վորքաութ» կարգում։ Նա լրացուցիչ քաշով՝ 24 կգ, 18 անգամ ձգում է արել, 38 անգամ՝ պոկում զուգափայտերից 32 կգ քաշով, և 86 կքանստում՝ 90 կգ քաշով։

«Ինձ հաջողվեց դառնալ փողոցային վորքաութի (street workout) աշխարհի չեմպիոն «Ուժային վորքաութ» անվանակարգում և պատմության մեջ առաջին անգամ ոսկե մեդալ նվաճել Հայաստանի համար այդ մարզաձևում»,- գրել է Վիրաբյանն Instagram-ի իր էջում։

Օգտատերերը հիացական մեկնաբանություններ են արել՝ նրան անվանելով «ազգի հպարտություն»։ Երկրորդ տեղը զբաղեցրել է Ռուսաստանի ներկայացուցիչ Դմիտրի Լիպանովը, երրորդը՝ Լեհաստանի ներկայացուցիչը։

Վիրաբյանը վորքաութի մարզիչ է աշխատում Մոսկվայում։ Նա նաև Գինեսի ռեկորդակիր է և գրանցված է հայկական «Դյուցազնագրքում»։

Ի դեպ, Ահարոն Վիրաբյանը Ռուսաստանում հայտնի է հայ Բրյուս Լի մականունով։ Մարդիկ սկսեցին այդպես անվանել Ահարոնին այն բանից հետո, երբ մարզիկը գերազանցեց Բրյուս Լիի` երկու մատների վրա հենում–ծալում վարժության ռեկորդը:


Հայ մարզիկները Ռուսաստանում նոր ռեկորդներ են սահմանել և կարող են Գինեսի գրքում հայտնվել