ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագիտության թեկնածու Թադևոս Ավետիսյանը Sputnik Արմենիայի «Մութանկյուն» հաղորդման շրջանակում անդրադարձել է սոցիալական աջակցությանն ուղղված միջոցների իրացման, սոցիալական ապահովության ոլորտում կեղծ ստաժերի հավելագրման, աշխատանքային գրքույկների թվայնացման հարցերին:
Տնտեսագետի համոզմամբ՝ սոցիալական աջակցությանն ուղղվող միջոցների ավելի քան 90 տոկոսը պետությունը վճարում է քաղաքացիներին՝ որպես կենսաթոշակ և սոցիալական նպաստ, իսկ այս համակարգերում առկա կոռուպցիոն ռիսկերը ոչ միայն նվազեցնում են հիմնական այդ ծրագրերի հասցեականությունը, այլև պետական բյուջեի համար առաջացնում են լրացուցիչ ծախսեր, ինչը թույլ չի տալիս առկա հնարավորություններն ուղղել կենսաթոշակների ու նպաստների բարձրացմանը: Տարբեր գնահատումներով այդ ծախսերը տարեկան գերազանցում են 50 միլիարդ դրամը:
«Մասնավորապես, կեղծ ստաժերի հավելագրման արատավոր պրակտիկան շարունակվում է: Ակնհայտ է, որ միայն իրավապահ մարմինների պայքարն այս ոլորտում կոռուպցիա ծնող արատավոր երևույթների դեմ չի կարող լիարժեք արդյունք ապահովել: Այդ երևույթները հնարավոր է վերացնել միայն համակարգային բարեփոխումների արդյունքում: Վերջինիս մասին արդեն 15 ամիս է, որ միայն խոսում են գործող իշխանությունները, իսկ արատավոր երևույթներն ավելի են խորանում, «հնարամիտ» նոր դրսևորումներ են ստանում՝ բարձիթողի կառավարման ֆոնին»,- նշում է Թադևոս Ավետիսյանը:
ՀՀ–ում 25 500 դրամից ցածր կենսաթոշակ չի լինի. ԱԺ–ն քննարկում է թոշակների բարձրացման հարցը
2018 թվականին ծախսվել է պետական բյուջեից զբաղվածության պետական աջակցությանը հատկացված միջոցների ընդամենը 25 տոկոսը: Եվ այս խնդրահարույց միտումը շարունակվում է նաև 2019 թվականին: