ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի — Sputnik. Ալավերդի-Բագրատաշեն միջպետական ճանապարհի (M 6)՝ Արճիս գյուղի ճանապարհահատվածը փակած բողոքի ակցիայի մասնակիցները բացել են այն։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Տավուշի մարզի Այրում խոշորացված համայնքի (Արճիսը ներառված է այս խոշորացված համայնքի կազմում) ղեկավար Արայիկ Պարանյանը։
Հայտնել էինք, որ վաղ առավոտից արճիսցիները փակել էին ճանապարհը` բարձրաձայնելով խմելու ջրի բացակայության խնդիրը։
«Բողոքի ակցիա անողներին հետ հանդիպեց Տավուշի մարզպետը` Հայկ Չոբանյանը ու զրուցեց նրանց հետ։ Այստեղ են նաև «Վեոլիա ջրի» ներկայացուցիչները։ Որոշվեց` հարցին ժամանակավոր լուծում տալ` մինչև կառավարությունը հիմնարար լուծման մեր առաջարկը կհաստատի»,–ասաց Պարանյանը։
Նա հայտնեց նաև, որ կառավարությանը ներկայացրել են նախագիծ, ըստ որի` անհրաժեշտ է ջրագծի ներքին ցանց կառուցել։
Նրա խոսքով` ինքն այժմ «Վեոլիա ջրի» ներկայացուցիչների հետ գնում է Արճիսի գյուղամեջ, որպեսզի գյուղի միջով անցնող ջրագծի միջոցով գյուղացիներին ժամանակավոր ջրով ապահովեն։
Ոստիկանությունը բերման ենթարկեց Բաղրամյանը փակած ակտիվիստներին. ԱԺ–ի մուտքը փակ է
Նշենք, որ համայնքն անտառից եկող աղբյուրներից էր ջուր ստանում, սակայն հիմա այդ աղբյուրները չորացել են, ինչի պատճառով խմելու ջրի խնդրի առաջ են կանգնել։
Հիշեցնենք` Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը նույնպես հայտարարել էր, որ զբաղվում է խնդրով։
Արճիսի բնակիչները հուլիսի 1–ին նույնպես փակել էին M 6 ավտոճանապարհի՝ Արճիսի հատվածը: